կարևոր
1285 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-14 21:20

Շարունակական պահանջներ Թուրքիայից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեկ օրվա տարբերությամբ Թուրքիայի, ապա նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները հաստատել են՝ տարիներ անց Երեւանն ու Անկարան հատուկ նշանակված բանագնացների միջոցով սկսում են հարաբերությունների կարգավորման գործընթաց:

Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, եւ հաստատում, որ հայկական կողմը եւս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի:
Բայց մեկ կարեւոր հանգամանք. մեր երկրի արտգործնախարարության խոսնակի հայտարարությունից այն տպավորություն է ստեղծվում, թե հայկական կողմը Չավուշօղլուի հայտարարությունից հետո միայն որոշել է հատուկ ներկայացուցիչ նշանակել: Այնինչ, Թուրքիայի խորհրդարանում այդ երկրի արտգործնախարարը նաեւ Հայաստանի մասին էր խոսում ու հստակ ասում՝ փոխադարձաբար են նշանակում:

Հարաբերությունները կարգավորելու մասին խոսակցություններն ակտիվացել էին հատկապես Արցախյան 44-օրյա պատերազմից հետո: Դեռեւս ամիսներ առաջ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանը տեղեկացրել էր, որ Վրաստանի վարչապետի միջոցով Նիկոլ Փաշինյանը դրական ազդակներ է փոխանցել: Մոտ 2 շաբաթ առաջ էլ Հայաստանի արտգործնախարարի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ Երեւանը պատրաստակամ է առանց նախապայմանների հայ-թուրքական կարգավորման գործընթաց սկսելու ու դիմել է Մոսկվային՝ միջնորդելու հարաբերությունների կարգավորման գործում: Ռուսական կողմը պաշտոնապես հաստատել էր, որ Հայաստանից նման առաջարկ է ստացել:
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Թուրքիան մի քանի նախապայմաններ է առաջ քաշում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարից հրաժարումից մինչեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում:

Ավելին, Արցախյան 44-օրյա պատերազմից հետո նորերն են գումարվել, ասենք՝ Սյունիքով «Թյուրքական միջանցք» տրամադրելը: Թուրքագետ Վարուժան Գեղամյանը վստահ է՝ Թուրքիան չի հրաժարվել այս նախապայմաններից: Ընդամենը Հայաստանի ներկա վարչակարգն է համաձայնել դրանց:

Թե ովքեր են լինելու Հայաստանի ու Թուրքիայի բանագնացները, երկու կողմն էլ չի հստակեցրել: Սակայն մեր ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Հայաստանի իշխանությունների ընտրած հատուկ ներկայացուցիչը Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանն է:

Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում։