կարևոր
1741 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-14 20:25

Ալիևը նոր պահանջներ է առաջ քաշում՝ հղում անելով նոյեմբերի 9-ի հայտարարությանը

Ալիևը նոր պահանջներ է առաջ քաշում՝ հղում անելով նոյեմբերի 9-ի հայտարարությանը

Այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ «Զանգեզուրի եւ Լաչինի» միջանցքներում անցագրային ռեժիմները պետք է համընկնեն՝ նշելով, թե Զանգեզուրի միջանցքի անցագրային ռեժիմի իրավական կարգավորումը պետք է լիովին նման լինի Բերձորի միջանցքի ռեժիմին։

Ալիևը հայտարարել է թե նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ հստակ ասվում է, որ Ադրբեջանը ապահովում է անվտանգ եւ անխոչընդոտ կապը Արցախի եւ Հայաստանի միջեւ, իսկ Հայաստանը ապահովում է նույն անվտանգ եւ անխոչընդոտ կապը Ադրբեջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն միջեւ: 

«Հայաստանը պետք է մեզ նույն անարգել մուտքը տա դեպի Զանգեզուրի միջանցք։ Այսօր Լաչինի միջանցքում չկան մաքսակետեր: Նույնը պետք է լինի նաև Զանգեզուրի միջանցքում։ Եթե Հայաստանը պնդի` մաքսակետեր ստեղծելու համար վերահսկել ապրանքների և քաղաքացիների տեղաշարժը «Զանգեզուրի միջանցքով», ապա այն ժամանակ մենք պնդելու ենք Լաչինի միջանցքում նույն պայմանները։ Սա տրամաբանական է»։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ «պայմանավորվածություն է ձեռք բերվել կառուցել ճանապարհներ և ավտոճանապարհներ դեպի Նախիջևան»։ «Բայց ճշգրիտ երթուղին, ճանապարհը դեռևս որոշված չէ, սա ապագա բանակցությունների հարց է։ Այսօր եռակողմ հանդիպմանը մենք անպայման կքննարկենք այդ հարցը»,- հավելել է Իլհամ Ալիևը։

Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հանուն ժողովուրդների համար խաղաղ ապագայի ապահովման: 

«Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում կարևոր է բոլորիս համար: Ապահովելու համար խաղաղ ապագա բոլոր ժողովուրդների համար՝ մենք աջակցում ենք հարաբերությունների կարգավորմանը Ադրբեջանի և Հայաստանի միջև, որոնք երկուսն էլ կարևոր գործընկերներ են ՆԱՏՕ-ի համար»,- ասել է Ստոլտենբերգը: