կարևոր
2167 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-14 20:38

Փաշինյանը ֆեյսբուքով է տեղեկացնում Ալիևի նախապայմանների մասին

Փաշինյանը ֆեյսբուքով է տեղեկացնում Ալիևի նախապայմանների մասին

Քիչ առաջ ավարտվել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Փաշինյանի առանձնազրույցը, որից հետո նա ֆեյսբուքյան հետևյալ գրառումն է արել.

«Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։

Ադրբեջանի նախագահի փորձերը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ՝ որեւէ աղերս չունի մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ եւ անընդունելի է Հայաստանի համար։

Այս դիրքորոշումը հստակ կարտահայտեմ այսօր նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում»։

Այսօր  Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ «Զանգեզուրի եւ Լաչինի» միջանցքներում անցագրային ռեժիմները պետք է համընկնեն՝ նշելով, թե եռակողմ հայտարարության մեջ (ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարություն) հստակ ասվում է, որ Ադրբեջանն ապահովում է անվտանգ եւ անխոչընդոտ կապը Արցախի եւ Հայաստանի միջեւ, իսկ Հայաստանը ապահովում է նույն անվտանգ եւ անխոչընդոտ կապը Ադրբեջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն միջեւ: 

Հիշեցնենք, որ այսօր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն առանձին հանդիպումներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ: Առանձնազրույցներից հետո կմեկնարկի Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը: 

Բրյուսելում հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 19-ին, երբ Եվրոպական խորհրդի նախագահը հեռախոսազրույցներ էր ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ։