ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Շառլ Միշելին` 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված խնդիրների լուծման ուղղությամբ ներդրվող հետևողական ջանքերի համար:
Զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակությունն ու ամրապնդումը: Կողմերն արդյունավետ բանակցությունների հույս են հայտնել, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը:
Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելն անդրադարձել են նաև վաղը Բրյուսելում կայանալիք Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովի օրակարգին ու քննարկվող հարցերին:
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից էլ հայտնում են, որ Իլհամ Ալիևը ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպմանը քննարկել են Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցերը։ Ընդգծվել է Եվրամիության աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը: Քննարկվել են սահմանազատման ու սահմանագծման հարցերը, մտքեր փոխանակվել հաղորդակցությունների բացման և հումանիտար բնույթի հարցերի շուրջ։
Առանձնազրույցներից հետո կմեկնարկի Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը:
Հիշեցնենք, որ Բրյուսելում հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 19-ին, երբ Եվրոպական խորհրդի նախագահը հեռախոսազրույցներ էր ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ։