ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետը տոնում էր լեգենդար պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի ծննդյան 85 ամյակը: Պրոֆեսորին շնորհավորելու էին եկել արեւելագիտական աշխարհի տարբեր սերունդների ներկայացուցիչներ: Իրենց շնորհավորական ուղերձն են հղել Հայաստանի Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, գործող պաշտոնյաներից՝ նախագահ Արմեն Սարգսյանը:
Գուրգեն Մելիքյանը իր ուսանողներին տարիներ շարունակ կրթել է ոչ միայն որպես արեւելագետներ, այլ դարձել վառ օրինակ ի ցույց դնելով իր սերը հայրենիքի, բանակի եւ Արցախի նկատմամբ: Իր գլխավոր դասերը եղել են հենց հայրենասիրության մասին:
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով եւս ավարտել է արեվելագիտության ֆակուլտետը, վերհիշեց 220 լսարանը եւ 1988 թ-ի մարտ ամիսը, երբ Գուրգեն Մելիքյանը կարողացել էր իր վառած կայծերով ոգեվորել ուսանողներին՝ պայքարի դուրս գալու եւ ապստամբելու համար: Գեղամ Մանուկյանը արեվելագետների նոր սերունդներին դիմեց, ասելով, որ Գուրգեն Մելիքյանին հանձնած ամենամեծ նվերը կլինի մշտական պայքարը Արցախի եւ հայրենիքի ազատության համար:
Պրոֆեսորը, որը լուռ ժպիտով լսում էր բոլոր շնորհավորանքները, խոստովանեց, որ իր համար պատիվ է մեծ տաճարում՝ ԵՊՀ-ում նշել իր տարեդարձը: Եվ ընդգծեց, որ Հայաստանն ու Երեւանի պետական համալսարանն իրեն հայրենիքի զինվոր են դարձրել:
Գուրգեն Մելիքյանը արժանացավ նաեւ մի շարք մեդալների՝ պրոֆեսորին շնորհվեց ԵՊՀ բարձրագույն պարգեվը՝ պատվո շքանշանը: Ինչպես նաեւ եկեղեցանվեր վաստակի համար Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի կողմից նրան շնորհվեց «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանը:
Պրոֆեսորը նաեւ իր մեծ ավանդն է ունեցել Իրանի իսլամական հանրապետության լեռնագնացության բնագավառում, եւ ինչպես նշեց դեկան Ռուբեն Մելքոնյանը իր մեծ սերերից մեկը եղել է լեռնագնացությունը, որի համար նրան շնորհվեց Իրանի Իսլամական Հանրապետության հավերժ ալպինիստի շքանշանը:
Իսկ վերջում հուզմունքով ասաց, որ ուսանողը սովորեցնում է ճիշտ ապրել, մաքուր ապրել ու նրա աչքերի մեջ շիտակ նայել:
Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում։