կարևոր
3793 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-14 19:25

Կրակելու և կամ նահանջելու հրաման չի տրվել. պնդում է կալանավորված զինծառայողի փաստաբանը

Կրակելու և կամ նահանջելու հրաման չի տրվել. պնդում է կալանավորված զինծառայողի փաստաբանը

Ադրբեջանական գերությունից վերջերս վերադարձած և կալանավորված չորս գերուց մեկի փաստաբանը, հայտարարելով, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում, նաև պնդում է՝ դիրքի դիտորդ Արտյոմ Մանասյանը պատշաճ կերպով զեկուցել է վերադասին հակառակորդի առաջխաղացման մասին և պատասխան գործողությունների դիմելու մասին որևէ հրահանգ չի ստացել։ Գրում է Ազատությունը:

«Հոկտեմբերի 14-ից մեր դիրքերը աստիճանաբար հանձնվել են թշնամուն, մեր ղեկավարության կողմից որևէ գործողություն չի ձեռնարկվել` շատ լավ տեղյակ լինելով: Վերադասությանը զեկուցվել է, որ դիրքերը գրավում են, կուտակումներ կան, և զենք ու զինամթերք է հավաքում թշնամին, և աստիճանաբար մեր դիրքերն ընկնում են շրջափակման մեջ», - «Ազատության» հետ զրույցում ասել է Ալեքսան Թումասյանը:

Գործը քննող Քննչական կոմիտեն մինչդեռ հայտարարում է, որ զինծառայողները, ունենալով զենք կիրառելու իրավասություն, մարտական դիրքի վրա հարձակված ադրբեջանցի զինծառայողներին վնասազերծելու, զինաթափելու փոխարեն փորձել են բանակցություններ վարել դիրքի պահպանության տարածք ներխուժած հակառակորդի հետ։

Ինչո՞ւ զինծառայողները չեն փորձել պաշտպանել իրենց դիրքը, հարցին փաստաբան Ալեքսան Թումասյանը պատասխանեց. «Կրակելու հրաման թույլ չի տրվել: Գիտեք` այդ երկու օրը բանակցություններ են ընթացել, և բոլորն էլ շատ քաջ գիտակցում էին, որ որևէ կրակոց չպիտի լինի, այդ ամեն ինչը պիտի բանակցությունների միջոցով լուծվի, սակայն փաստացի մեր զինվորականները մեր երկու դիրքերը այդ երկու օրվա ընթացքում հայտնվում են շրջափակման մեջ, և դրա մասին ղեկավարությունը շատ լավ իմացել է, նույնիսկ զեկուցել է իր վերադասին` նշելով, որ թույլատրեք, որ անձինք նահանջեն, հրաման լինի, որ անձինք նահանջեն, այլապես գերի կընկնեն»:

Կալանավորված զինծառայողները մեղադրվում են մարտական ծառայության կանոնները խախտելու համար, այս հոդվածով նրանց սպառնում է 3-ից 7 տարվա ազատազրկում: Մեղադրանքն ակնհայտ ապօրինի է որակում փաստաբանը. «Ես իմ պաշտպանյալի մասով կասեմ` Արտյոմի, նա եղել է դիտորդ: Նրա պարտկանությունն է եղել ժամանակին հայտնաբերել այդ շարժը և տեղյակ պահել վերադասին: Այդ պահի դրությամբ այլ պարտականություն չի ունեցել, որն էլ պատշաճ կատարել է»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի։ Նրանց ՀՀ էր բերել ռուս գեներալ Ռուստամ Մուրադովը։ Նույն օրը Հայաստան վերադարձած 10 զինծառայողից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ 

Ավելի վաղ՝ նոյեմբերի 17-ին` ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնել էր, որ պետք է քննվի, թե ինչ հանգամանքներում են զինվորները գերի ընկել։