կարևոր
2137 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-14 15:48

Այսօր Գոհար Գասպարյանի ծննդյան 97 ամյակն է

Այսօր Գոհար Գասպարյանի ծննդյան 97 ամյակն է

1924 թվականի դեկտեմբերի 14-ին Կահիրեում ծնվել է հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի,սոցիալիստական աշխատանքի հերոս Գոհար Գասպարյանը (օրիորդական ազգանունը՝ Խաչատրյան):

Գոհար Գասպարյանը ուսանել է տեղի երաժշտական ակադեմիայում, սովորել է Է. Ֆելդմանի և Վ. Կարրոյի մոտ։ 1940 թվականից ելույթներ է ունեցել Կահիրեում, իսկ 8 տարի անց հայրենադարձվել է։ 1949 թվականից Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, հանդես է եկել 23 օպերայի գլխավոր դերերում, նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։ 1956 թվականից ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, իսկ 1984 թվականից սոցիալիստական աշխատանքի հերոս, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր։

1964 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, իսկ 1973 թվականից՝ Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր է։ Նրա բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ։ Նրա աշակերտն է եղել նաև ապագա ամուսինը՝ օպերային երգիչ, ռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը: 1984 թվականին ընտրվել է Երևանի պատվավոր քաղաքացի։ Նրան նաև անվանել են «հայկական սոխակ»։ Մահացել է 2007 թվականի մայիսի 16-ին։

Գոհար Գասպարյանն ուներ ձայնային լայն դիապազոն՝ փոքր օկտավայի սոլ հնչյունից մինչև երրորդ օկտավայի լյան, անբասիր տեխնիկա. նրա ձայնն առանձնանում էր ճկունությամբ, երանգների ճոխությամբ, անցումների թեթևությամբ։ Նրան հատուկ էր կատարվող ստեղծագործությունների գաղափարագեղարվեստական բովանդակության խոր դրսևորում և համոզիչ իմաստավորում։ Բելկանտո ոճի խոշորագույն վարպետներից է։

Ինչպես նշեցինք Գոհար Գասպարյանի աշակերտներից է եղել նաև ապագա ամուսինը՝ օպերային երգիչ, ռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը, որի ծննդյան օրը նույն օրն է: Վերջինս ծնվել է Բեյրութում, 1936 թվականի դեկտեմբերի 14-ին:

Տիգրան Լևոնյանը ստաժավորվել է Միլանի հռչակավոր «Լա Սկալա» թատրոնում։ 1962 թ-ից՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ։

1970 - 1977 թթ միաժամանակ՝ ռեժիսոր, 1977 թ-ից՝ գլխավոր ռեժիսոր, 1991- 1999 թթ նաև գեղարվեստական ղեկավար։ Եղել է Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Մահացել է 2004 թվականի հունիսի 25-ին: