Այսօր` դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ընդունել է Գերմանիայի դաշնային հանրապետության ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Միջին Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին եւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին։
«Շնորհավորել եմ դեսպան Ռիխտերին առաքելությունն ստանձնելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի հայ-գերմանական հարաբերություններին: Նշել եմ, որ Հայաստանը շահագրգռված է երկկողմ արդյունավետ համագործակցության զարգացմամբ, եւ ԳԴՀ-ն` իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, կարեւոր դերակատարություն ունի տարածաշրջանի, Հայաստանի եւ Արցախի համար: Փաստել եմ, որ Հայաստանը գտնվում է դժվարին ժամանակաշրջանում, եւ այս համատեքստում կարեւոր է Գերմանիայի՝ որպես ԵՄ անդամի դերակատարությունը հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցում: Ընդգծել եմ, որ մենք ծանոթ ենք եւ՛ արտգործնախարարի դիրքորոշմանը, եւ՛ Բունդեսթագում տեղի ունեցող քննարկումներին՝ ռազմագերիների հարցում հստակ դիրքորոշում հայտնելու համար, որի համար շնորհակալ ենք»,- գրում է Իշխան Սաղաթելյանը:։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի սահմաններին տեղի ունեցող իրադարձություններին: ԱԺ փոխնախագահը շեշտել է, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ագրեսիան եւ ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Այս համատեքստում նշվել է, որ Արցախյան հակամարտությունը լուծված չէ, այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ բացառելով ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը:
«Չպետք է մեր ջանքերը դադարեցնենք գործադրել՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար»-շեշտել է Մաթիաս Լյութենբերգը:
Մաթիաս Լյութենբերգն իր հերթին բարձր է գնահատել հայ-գերմանական առկա հարաբերությունները՝ նշելով, որ դրանց զարգացման մեծ ներուժ կա տարբեր ոլորտներում: Հյուրի խոսքով՝ նոր ձեւավորված Բունդեսթագը, ինչպես նաեւ Գերմանիայի կառավարությունը շահագրգռված են՝ սերտացնելու Հայաստանի հետ հարաբերությունները:
Զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների, սահմանազատման եւ սահմանագծման, հնարավոր ներդրումների, հայաստանյան ներքաղաքական հարցերի վերաբերյալ: