կարևոր
409 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-14 11:37

Անուրանալի է Ձեր ավանդը. Գուրգեն Մելիքյանին ծննդյան 85-ամյակի առթիվ շնորհավորել է Սերժ Սարգսյանը

Անուրանալի է Ձեր ավանդը. Գուրգեն Մելիքյանին ծննդյան 85-ամյակի առթիվ շնորհավորել է Սերժ Սարգսյանը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին ծննդյան 85-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգարժա´ն պարոն Մելիքյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առթիվ:

Տասնամյակների Ձեր գիտական, մանկավարժական, հասարակական պատկառելի գործունեությամբ Դուք արժանի տեղ ունեք մեր ժողովրդի նվիրյալ զավակների շարքում, որի համար արժանիորեն վայելում եք համաժողովրդական սեր և հարգանք:

Ես ջերմությամբ եմ հիշում մեր բոլոր հանդիպումները, որոնց մի զգալի մասը մեր հայրենիքի համար ամենածանր, միաժամանակ՝ ամենահերոսական տարիներին էին, երբ ստեղծվում էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը, և Դուք մեծագույն նվիրումով, ոգևորությամբ, հայրենիքի նկատմամբ պարտքի զգացողությամբ Ձեր ջանքերն էիք ներդնում պաշտպանության բանակի կայացման գործում:

Վստահաբար կարող եմ ասել, որ Դուք կանգնած լինելով ազգային-ազատագրական մեր նորօրյա շարժման ակունքներում՝ արեցիք հնարավոր ամեն ինչ կանոնավոր բանակի ստորաբաժանումների ձևավորման համար, որը չափազանց գնահատելի է:

Արցախը, որպես մեր նվիրական հայրենիքի մի հատված՝ Դուք Ձեր սրտում եք կրում, և պատերազմի ամենածանր տարիներին համալսարանից ռազմաճակատ Ձեր պարբերական դարձած այցերը հայրենասիրության վառ օրինակ էին Ձեր բազմաթիվ ուսանողների համար:

Անուրանալի է Ձեր ավանդը կրթության բնագավառում, այդ թվում՝ արևելագետների նոր սերնդի կրթման, Հայաստանում իրանագիտության զարգացման, երիտասարդության հայրենասիրական ոգով դաստիարակման գործում, որոնց համար իրավամբ արժանացել եք հայրենիքի բարձր պարգևներին:

Որպես ազնիվ, հայրենանվեր մտավորական, բարեգործ, իմաստուն ու լուսավոր մարդ, Դուք մնացել եք Ձեր առաքելությանն անդավաճան և այսօր էլ սրտի մեծ ցավով եք հետևում Արցախում ու մայր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

Կրկին շնորհավորելով նշանակալի տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արևշատություն և երջանիկ կյանք»: