կարևոր
931 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-14 11:27

Լիպարիտյանի առաջարկը ոչ այլ ինչ է, քան Արցախից «անցավ ու աննկատ» հրաժարում. Արթուր Խաչատրյան

Լիպարիտյանի առաջարկը ոչ այլ ինչ է, քան Արցախից «անցավ ու աննկատ» հրաժարում. Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանն իր «Ստամբուլի շուկան ու Սոքարի էժան բենցինը» վերտառության գրությամբ անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարարի առաջին տեղակալ (1993-1994) Ժիրայր Լիպարիտյանի երեկվա հարցազրույցին: 

«Նայեցի Ազատություն ռադիոկայանին Ժիրայր Լիպարիտյանի տված հարցազրույցը։ Վստահ եմ, որ արտահայտած մտքերին շատ արձագանքներ կլինեն ու չեմ ուզում ծավալվել։ Գաղափարները նոր չեն․ մարդիկ 25 տարուց ավել նույնն են ասում։ Հիմա զգուշացնում է նաև պատերազմից հետո ստեղծված ողորմելի իրավիճակի մասին ու կոչ անում «մեղմել» ակնկալիքները։ Բայց մի քանի կետի վրա կցանկանայի սևեռել ձեր ուշադրությունը։

1․ Պատահական չէր, որ պրն․ Լիպարիտյանը խոսեց երեկ։ Իր հարցազրույցի հետ նույն ժամանակային տիրույթում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն հայտարարել էր Հայաստանի հետ ուղիղ բանակցություններ սկսելու մասին։ Անկասկած մեզ սպասում են նոր հայ-թուրքական արձանագրություններ, որոնք շատ ավելի կործանարար են լինելու քան 2008-ին ստորագրածը (եթե կյանքի կոչվեին)։ Ժողովրդին պետք է պատրաստել նոր շոկի ու նոր պարտության։

2․ Փաշինյանն այսօր ու վաղը Բրյուսելում հանդիպում է Ալիևի հետ։ Որևէ դրական սպասում չկա։ Կա՛մ մոսկովյան բանակցություններում ձեռքբերված պայմանավորվածությունների սցենարը կկրկնվի, կա՛մ կունենանք պայմանավորվածություն, որն էլի կհարվածի մեր շահերին։ Ի դեպ, երկրորդ սցենարն ավելի հավանական է։ Չմոռանանք, որ Բրյուսելում է որոշվելու 2,6 մլրդ եվրոն տալ չտալու հարցը, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Ալիևի հետ բանակցություններն արդյունք ունենան։ Լավ թե վատ, Եվրոպային կարող է շատ չհուզել էլ, բայց կոնֆլիկտային գոտիում ոչ ոք փող չի դնի։ Սա աքսիոմ է։ Պարտված ջարդված Փաշինյանը հազիվ թե կարողանա փորձառու ու հաղթանակից «հաբռգած» Ալիևից ինչ որ դրական բան պոկել։ Կապը տեսնու՞մ եք։ Եթե Արցախի հարցը միևնույն է անլուծելի ու ապա ինչու 2,6 մլրդ եվրոյից հրաժարվել։ Ինչու՞ ոչ, կարելի է նաև պրն․ Լիպարիտյանի փաստարկներն էլ հիշատակել հերթական կապիտուլյացիան արդարացնելու համար (չնայած, արդարության համար ասենք, որ Ժիրայր Լիպարիտյանը, մեղմ ասած, «նախշեց» Փաշինյանին)։

3․ Պրն․ Լիպարիտյանը խոսեց Կոսովոյի և Աբխազիայի ու Օսեթիայի մասին, բայց չխոսեց Հյուսիսային Կիպրոսի մասին։ Ի դեպ, Կոսովոյի օրինակն իր իսկ առաջադրած թեզի ժխտումն էր։ Հյուսիսային Կիպրոսը ճանաչվել է միայն Թուրքիայի կողմից։ Բանակցությունները համարյա 50 տարի է շարունակվում են։ Հորիզոնի վրա պարբերաբար հայտնվում են «լուծման» տարբեր այլընտրանքներ, բայց դա Կիպրոսի թուրքերին չի խանգարում ապրել փաստացի անկախ կարգավիճակով։ 2000-ականների սկզբի աժիոտաժը չկա, բանակցային տենդն անցավ, բայց դա թուրքերին շատ քիչ է հուզում, ավելին՝ նրանց շահերից է բխում։

4․ Պրն. Լիպարիտյանը արտաքինից շատ ռացիոնալ, բայց խորքի մեջ շատ վտանգավոր թեզ է շարունակում խրախուսել․ Արցախի տերիտորիալ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, որը հնարավորություն կտա հայերին ապրել ապահով, նույնիսկ բարեկեցիկ ու երջանիկ։ Վերջինս, սակայն, չի անդրադառնում ադրբեջանցիների իրական ցանկություններին՝ հայաթափել Արցախն ու փաստացի ոչնչացնել Հայաստանը։ «Հայերը 3,000 տարի ապրել են Արցախում և կարևոր է, որ էլի 3,000 տարի ապրեն» (բառացի չեմ հիշում, բայց գաղափարը դա է)։ Ադրբեջանցիք շատ լավ հասկանում են, որ հայերը չեն հանդուրժելու ադրբեջանական գերիշխանությունը։ Արցախը միշտ է պայքարել օտար տիրապետողների դեմ։ Ուրեմն ինչու՞ հանդուրժել, որ Արցախի հայությունը հանգիստ ապրի ու զարգանա իր պապենական հայրենիքում։ Եթե կարմիր եղեռնը չհաջողի, կգործարկվի սպիտակ եղեռնի տարբերակը։ Միգուցե դրա համար ավելի երկար ժամանակ պահանջվի, բայց վերջնարդյունքը նույնն է լինելու՝ Արցախն առանց հայերի։ Նախիջևանը հայաթափվեց 70 տարում, Արցախի հայաթափման համար կարող է պահանջվել 170 տարի։ Հետո ի՞նչ։ Պրն․ Լիպարիտյանը չէր կարող այսքանը չգիտակցել։ Ուստի իր առաջարկը ոչ այլ ինչ է, քան Արցախից «անցավ ու աննկատ» հրաժարում։

5․ Եվ վերջապես պատահական չէր պրն. Լիպարիտյանի նուրբ ակնկարկը, որ Արցախի իշխանություններն իրենց քաղաքականությունն են վարում։ Միջին վիճակագրական քաղքենուն ուղղված այս խոսքերը մեկ բան են նշանակում․ «ղարաբաղցիք իրենց գլխի ճարը կտեսնեն, դու քո դարդը լացիր»։ Սա «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտիչ քաղաքականության շարունակությունն է, որը թուլացնում է մեր ազգի կարողունակությունը։ Դե եթե ղարաբաղցիք իրենց հարցերը լուծում են, հայաստանցիներն ինչու՞ չպետք է ադրբեջանցիների ու թուրքերի հետ «նորմալ» չապրեն։ Հետևաբար, պետք չէ Բրյուսելում պայքարել հանուն Արցախի (2,6 մլրդ եվրոյի մասին չմոռանաք), իսկ թուրք բանագնացներին պետք է ջերմ ընդունել ու պատվել, որ թողեն Ստամբուլում հայերն առևտուր անեն ու Անթալիայում հանգստանան։