կարևոր
1162 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-13 23:32

Թուրք արտգործնախարարը հայտարարել է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների մասին

Թուրք արտգործնախարարը հայտարարել է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների մասին

Հայաստանն ու Թուրքիան հատուկ բանագնացներ կնշանակեն, որոնք կքննարկեն հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, հայտնում է Reuters-ը։

Այսօր Խորհրդարանում արտգործնախարարության բյուջեի քննարկման ժամանակ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ կհամակարգի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը։ «Մենք և Ադրբեջանը ինտենսիվ դիվանագիտական ջանքեր ենք գործադրում կովկասյան տարածաշրջանում խաղաղություն և բարգավաճում հաստատելու համար»,- ասել է թուրք դիվանագետը։

Նա նաև չի բացառել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավորությունը, եթե «Երևանը հավատարիմ մնա կառուցողական դիրքորոշմանը»։

«Մենք բոլոր հարցերը համակարգում ենք Ադրբեջանի հետ, քննարկում, որոշում ենք կայացնում նրանց հետ։ Եթե Հայաստանը դասեր քաղի վերջին իրադարձություններից և նախընտրի խաղաղությունն ու անդորրը, ապա հնարավոր է դեսպանատան բացում։ Մենք այս հարցը նույնպես կլուծենք Ադրբեջանի հետ»,- ասել է նա։

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է նաեւ Ստամբուլի եւ Երեւանի միջեւ չարտերային թռիչքների վերականգնման մասին։ «Առաջիկայում մենք չարտերային թռիչքներ կսկսենք Երևանի և Ստամբուլի միջև»,- ասել է նա։ 

Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ արտգործնախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտարարել էր, որ Երևանը պատրաստակամ է առանց նախապայմանների հայ-թուրքական կարգավորման գործընթաց սկսելու և դիմել է Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում: 

Հունանյանի խոսքով՝ Հայաստանի մի շարք գործընկերներ, այդ թվում՝ Ռուսաստանը պատրաստակամություն են հայտնել միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, և հայկական կողմը Կրեմլին է դիմել։

«Մենք Ռուսաստանին հայտնել ենք, որ պատրաստակամ ենք առանց նախապայմանների հայ-թուրքական կարգավորման գործընաց սկսելու։ Երբ և եթե նման գործընթաց սկսվի, բնականաբար, մենք դրա մասին տեղեկատվություն կտրամադրենք»,- ասել է Հունանյանը։

Ավելի ուշ՝ նոյեմբերի 25-ի ճեպազրույցում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին Երևանի և Անկարայի միջև հարաբերություններում միջնորդական դեր ստանձնելու համար:

«Կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերություններին որպես միջնորդ աջակցելու համար: Ռուսաստանը շահագրգռված է, ինչպես գիտեք, եւ ջանքեր է գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար, մեր երկիրը պատրաստ է ամեն կերպ հետագայում ևս աջակցել դրան: Այս գործընթացի մեկնարկը, ինչպես մենք ենք կարծում, անշուշտ, կնպաստի տարածաշրջանում հասարակությունների սերտացմանը և բարիդրացիության ու վստահության մթնոլորտի ձևավորմանը, որը ներկայումս հատկապես արդիական է: Երբ նոր տվյալներ ի հայտ գան, մենք ձեզ անպայման կտեղեկացնենք, բայց, բնականաբար, եթե դա չի վնասի բուն բանակցային գործընթացին ՝ հաշվի առնելով նրա զգայունությունը»,- ասել է Զախարովան: