Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին Բրյուսելում բանակցություններ կանցկացնի Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին:
Շառլ Միշելը վաղն առանձին հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ, այնուհետև՝ երեկոյան եռակողմ հանդիպում կանցկացնի նրանց հետ։
Դեռ նոյեմբերի 19-ին Եվրախորհիդի տարածած մամլո հաղորդագրությամբ նշվել էր, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ, նրանք համաձայնել են հանդիպել Բրյուսելում ԵՄ-Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։
«Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջարկել է Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպում անցկացնել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև՝ քննարկելու համար տարածաշրջանային իրավիճակը և լարվածության հաղթահարման ուղիները»,- ասված է Եվրահախորհրդի տարածած հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են նաև ստեղծել ուղիղ կապի գիծ՝ պաշտպանության նախարարների մակարդակով, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ։
Այս հայտարարությունից հետո, ՌԴ նախագահի հրավերով նոյեմբերի 26-ին Սոչիում կայացավ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը, որի արդյունքում եռակողմ ստորագրությամբ հայտարարություն ընդունվեց: