կարևոր
1636 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-13 12:49

Փարաջանովի 3 ֆիլմ հանձնվում է Պոմպիդու կենտրոնին

Փարաջանովի 3 ֆիլմ հանձնվում է Պոմպիդու կենտրոնին

Հայաստանի ազգային կինոկենտրոնը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին Փարիզի Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի պետական թանգարանի` «Musée National d’Art Moderne» ցուցադրությունների սրահում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի «Տրիպտիխ»-ի` «Կիևյան որմնանկարներ» (1966թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1967թ.) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985թ.) ցուցադրությունը։ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով։

Ֆիլմերը վերականգնվել են «Հայկական կինոյի դասականներ» նախագծի շրջանակներում Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Համո Բեկ-Նազարով» նախագծի կողմից: Վերականգնումը հովանավորել են Ֆիքսաֆիլմ և Կինոկլասսիկա կազմակերպությունները: Վերականգնված ֆիլմերի նոր` 35մմ ժապավենային պատճենների տպագրությունը հովանավորել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը /ՀԲԸՄ/` Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Պոմպիդու կենտրոնի, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի (MoMA), Դովժենկո կենտրոնի և Վրաստանի կինոստուդիայի մշտական արխիվային հավաքածուների համար:

Ցուցադրությունը կուղեկցվի Հայաստանի ազգային կինոկենտրոնի գործընկեր` «Հայ կինոյի դասականներ» ծրագրի կուրատոր և ֆիլմերի վերականգնման փորձագետ` բրիտանացի Դանիել Բըրդի պրեզենտացիայով։