Ցանկացած այլ նորմալ երկրում և, նույնիսկ Հայաստանում, ցանկացած այլ պայմաններում Ալեն Սիմոնյանը Միկոնոսի կադրերից հետո հրաժարական կտար. չի կարող թարմ Եռաբլուրի և գրեթե ամենօրյա զոհերի ֆոնին ԱԺ նախագահն այդպես ինքնամոռաց թռվռալ. և սա չի կարող ունենալ հակափաստարկ։ Սա ուղիղ վիրավորանք է հասարակությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր» խումբը:
«Անզգույշ և չմտածված ձևակերպումների արդյունքում Ռուսաստանի հետ դիվանագիտական սկանդալից հետո՝ հրաժարականը միակ տրամաբանական քայլն էր։ Գերիների թեմայով արված ձևակերպումները կարելի է համարել վերջին կաթիլը, թեև դրանից առաջ բոլոր «կաթիլները» բավարար էին հրաժարականի համար։
Ալեն Սիմոնյանը հրաժարական չի տալիս. դա փաստ է։ Փաստ է նաև այն, Նիկոլը չի կարող նրան ստիպել հրաժարական տալ։ Ինչո՞ւ պետք է Ալենը հրաժարական տա անզգույշ ձևակերպումների կամ դիսկոտեկներում թռվռալու համար, եթե Նիկոլը հրաժարական չի տալիս պատերազմի, Արցախ կորցնելու, Հայաստանը երեք տարում այս վիճակին հասցնելու համար։
Քանի Նիկոլը իշխանության է, ցանկացած պաշտոնյա ունի հրաժարական չտալու բարոյական լեգիտիմ իրավունք։ Ի՞նչ պետք է ավելին արած լինի որևէ պաշտոնյա, քան արել է Նիկոլը։ Սա լուրջ խնդիր է։ Եվ այդպես մտածելու իրավունք ունի նաև ԱԺ նախագահը։
Բայց կա նաև հարցի մյուս տեսանկյունը, որը թույլ է տալիս հասկանալ, թե ո՞վ է իրականում «հակաալենական արշավի» նախաձեռնողը։
Երբ Ալեն Սիմոնյանը դարձավ ԱԺ նախագահ կար տեսակետ, որ նա կդառնա ԱԺ նախագահ, և ոչ թե՝ Նիկոլի գլխավոր թիկնապահը ԱԺ-ում։ Սրանք լրիվ տարբեր կարգավիճակներ են, և մի կողմից անձնական ընտրության հարց է, մյուս կողմից՝ դիմադրողականության, քանի որ Նիկոլն ամեն ինչ անելու էր, որ Ալեն Սիմոնյանը չկայանա որպես ինքնուրույն գործիչ։
Ակնհայտ է, որ սա խիստ ժամանակավոր ԱԺ է, ժամանակավոր իշխանություն, դժվար հաշվարկելի սցենարներով։ Նման անկայունության փուլերում շատ կարևոր է իշխանության ներսում ինքնուրունություն վաստակած դեմքերի կայացումը։ Սա ձեռնտու է բոլորին, բացի մեկ հոգուց։ Ալեն Սիմոնյանը, ընտրելով Նիկոլի թիկնապահի կարգավիճակը՝ ինքն էլ հենց նախաձեռնեց իր հրաժարականի գործընթացը։ Թիկնապահ պետք էր միայն Նիկոլին, իսկ իր գինն իմացող ԱԺ նախագահ՝ բոլորին։ Մարդիկ իրենց ընտրության պատճառով են հայտնվում բարդ իրավիճակներում»։