կարևոր
574 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-13 12:13

Նման վարքագծով Սիմոնյանը չի կարող իրականացնել ԱԺ նախագահի պարտականությունները. Արծվիկ Մինասյան

Նման վարքագծով Սիմոնյանը չի կարող իրականացնել ԱԺ նախագահի պարտականությունները. Արծվիկ Մինասյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի համար զարմանալի է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը պահանջելը ցավոտ կերպով ընդունվեց։

«Ես ուզում եմ հիշեցնել, որ օգոստոսի 2-ին, երբ տեղի էր ունենում Ազգային ժողովի նախագահի ընտրություն, մենք առաջադրել էինք մեր երկու գործընկերոջը՝ Մխիթար Զաքարյանին ու Արթուր Սարգսյանին, այն ժամանակ մենք դեռևս ասել ենք՝ այն, ինչ Ազգային ժողովում կատարվում է առանց մեր երկու գործընկերների մասնակցության, ապօրինի է ու չի համապատասխանում ոչ միայն սահմանադրական կարգավորումներին, այլև՝ ժողովրդավարության արժեքներին», – այսօր, դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մինասյանը։

Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարականը պահանջելը իրավաքաղաքական գնահատական է։ «Սրանով մեր խմբակցությունը և «Հայաստան» դաշինքն՝ առհասարակ, ցուցաբերում է վերաբերմունք Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող մի անձի հանդեպ, որը, նշածս հիմնավորումների ներքո, պարզապես չի կարող մեր պատկերացրած չափանիշներին համապատասխան՝ իրականացնել ԱԺ նախագահի պարտականությունները»,-ասաց Մինասյանը։

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ Ալեն Սիմոնյանը միջազգային հարթության մեջ կատարում է հայտարարություններ, որոնք ռիսկեր են բերում ՀՀ արտաքին քաղաքականության համար։

«Նա կատարում է հայտարարություններ՝ կապված գերիների վերաբերյալ, որոնց, նախևառաջ, պետության պարտականությունն է հայրենիք վերադարձնել, մինչդեռ, դա ոչ միայն հոգեկան ցավ ու տառապանք պատճառող, այլ նաև Հայաստանի պաշտպանությունը թուլացնող հայտարարություն է, ու չի բացառվում, որ սա կազմակերպված բնույթ է կրում բարձր ղեկավարության կողմից։ Նման հայտարարությունը մեր երկիրը, մեր պետականությունը թուլացնելուն ուղղված գործողություն է», – նշեց Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ Ազգային ժողովում տեղի ունեցած վերջին ծեծկռտուքը ցույց տվեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարևորում կարգուկանոնը, չի կարևորում քաղաքական ճիշտ մշակույթը։

«Նա չի փայլում պատգամավորական վարքի կանոններով», – նշեց Մինասյանը։

Հարցին՝ ո՞վ է լինելու Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընդդիմության թեկնածուն, Մինասյանը պատասխանեց, որ լինելու է ընդդիմադիր երկու խմբակցություններից մեկից։

«Այս հարցը քննարկվել է նաև «Պատիվ ունեմ» խմբակցության հետ, ես կարծում եմ՝ առաջիկայում նաև «Պատիվ ունեմ»-ը հայտարարությամբ հանդես կգա։ Նորից եմ կրկնում՝ սա իրավաքաղաքական գնահատական է՝ քաջ գիտակցելով հանդերձ, որ, ի վերջո, հնարավոր է՝ այս որոշման նախագիծը չընդունվի, որովհետև մենք գործ ունենք մի մեծամասնության հետ, որոնք մի հրահանգով քվեարկություն են իրականացնում՝ առանց խորանալու խնդիրների մեջ»,-ասաց Արծվիկ Մինասյանը։