«Աշխարհք հող ու ջրից անուշ բան չկա։ Մարդու ուժը իր հողի մեջն է։ Քանի հողը չեն խլել ոտանց տակեն, մարդն անպարտ է, խլեցին՝ գերի է․․․ Էրգրի ու հողի կորուստը ծանր կորուստ է».
Մուշեղ Գալշոյան
Հայ արձակագիր, լրագրող, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ Մուշեղ Գալշոյանը (Մուշեղ Հովեի Մանուկյան) ծնվել ու մեծացել է Հայաստանի Թալինի շրջանում՝ 1933թ-ի դեկտեմբերի 13-ին, նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Հայրենապաշտ գրողի համար հողը մայր էր, նրան լքելը՝ մեղք։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Գրական անուն է դարձրել տոհմական Գալշոյան ազգանունը։
Գալշոյանը կարծես ներծծել էր իր մեջ Սասնա երկրին վերաբերող բոլոր հուշերն ու տեղեկությունները, և հետագայում, երբ սկսեց գրել ջարդից վերապրած սասունցիների մասին, թվում էր, թե նա ինքը եղել էր նրանց հետ Սասնա լեռներում, ապրել նրանց խաղաղ կյանքը, ջարդի ու տեղահանության մղձավանջը։
Սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, աշխատել մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։ «Ավանգարդ» թերթում և «Գարուն» ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց, գրեց իր առաջին վիպակը՝ «Ձորի Միրոն», որը նրան բերեց հասուն գրողի համարում։
Նրա ստեղծած կերպարները իսկական Սասնա ծռեր են, որոնք չեն համակերպվում մարդկային պայմանականությունների հետ, միշտ ձգտում են դեպի ակունքները, դեպի բնականը, մարդկային անխաթար, բնական հարաբերությունները և միշտ մտածում են այն մասին, թե ինչու չկարողացան պահել իրենց հայրենիքը, իրենց դրախտային Սասունը։
Նրա պատմվածքները մտնում են «Մարութա սարի ամպերը» շարքի մեջ, որը Գալշոյանի լավագույն գործը եղավ։ Եվ դրանց մեջ լավագույններից մեկը, թերևս լավագույնը, «Դավոն» պատմվածքն է։ Պատմվածքին յուրահատուկ գրավչություն է տալիս սասունցիների բարբառը, որ Գալշոյանը հրաշալի գիտեր և վարպետորեն վերստեղծում է այս պատմվածքում։
Մուշեղ Գալշոյանը մահացավ 1980-ին, հրացանի պատահական կրակոցից, հայրենի դաշտում։ Այդ կրակոցը շատ նման էր այն կրակոցին, որից սպանվեց իր հերոսներից մեկը՝ հովիվ Առաքելը։ Ինչպես Առաքելին, այնպես էլ Գալշոյանին հանգիստ չէր տալիս ֆիդայիների՝ իր այնքան սիրած ազատամարտիկների հիշատակը, և հրացանի այդ պատահական կրակոցների մեջ անպայման կյանքն ինքը խորհրդանշական իմաստ է դնում՝ ընդգծելով Գալշոյանի ու հերոսի հավատարմությունը, կապը ֆիդայական ավանդներին։