Խաղաղ օվկիանոսում Ֆրանսիայի անդրծովյան տարածքը համարվող Նոր Կալեդոնիայի ընտրողները ձայների մեծամասնությամբ երրորդ և վերջին հանրաքվեով դեմ են քվեարկել Նոր Կալեդոնիայի անկախությանը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հայտարարել է, որ կալեդոնացիներն ընտրել են Ֆրանսիան՝ միասնության ընտրությունը, վստահության ընտրությունը։
«Ես շատ հպարտ եմ սրանով։ Մեզնից է կախված հիմա շարունակել կառուցել այս ընդհանուր ճանապարհը, որը երազում եւ նախաձեռնել են մեր մեծերը: Ֆրանսիան ավելի գեղեցիկ է՝ ներառելով Խաղաղ օվկիանոսի կղզիները», նշել է Մակրոնն իր տեսաուղերձում:
«Սկսվում է անցումային շրջան։ Ազատվելով «Այո»-ի կամ «Ոչ»-ի երկընտրանքից՝ մենք այժմ պետք է կառուցենք ընդհանուր նախագիծ՝ միաժամանակ ճանաչելով և հարգելով բոլորի արժանապատվությունը», - ասել է պետության ղեկավարը։
«Այս գիշեր Ֆրանսիան ավելի գեղեցիկ է, քանի որ Նոր Կալեդոնիան որոշել է մնալ դրա մի մասը»,- հավելել է Մակրոնը։
France24-ը հայտնում է, որ բոլոր քվեաթերթիկների հաշվարկով անկախությանը դեմ է արտահայտվել 96,49%-ը, իսկ կողմ՝ միայն 3,51%-ը։
Ավստրալիայից 2000 կիլոմետր (1250 մղոն) արևելք գտնվող մոտ 185,000 ընտրողրից բաղկացած արշիպելագին տրվել է անկախության երեք հանրաքվե 1988 թվականի համաձայնագրով, որի նպատակն էր թուլացնել լարվածությունը կղզիներում: Նախորդ երկու հանրաքվեի ժամանակ, որոնք կայացել են 2018 և 2020 թվականներին, անկախությանը դեմ արտահայտվածները հաղթել էին ձայների փոքր տարբերությամբ։
Քվեարկությանը վտանգված էր Ֆրանսիայի ամենամեծ անդրծովյան տարածքներից մեկը, որտեղ գտնվում է նիկելի համաշխարհային պաշարների մոտ 10 տոկոսը, որն օգտագործվում է չժանգոտվող պողպատի, մարտկոցների և բջջային հեռախոսների արտադրության համար:
Տարածքը նաև խաղաղօվկիանոսյան տերություն լինելու Ֆրանսիայի հավակնության առանցքային մասն է համարվում, որտեղ Նոր Կալեդոնիան Ֆրանսիային իրավունք է շնորհում օվկիանոսի նկատմամբ, ինչպես նաև ռազմական կետ ունենալ:
Ֆրանսիայի կազմում է 13 անդրծովյան տարածք, որտեղ ապրում է 2,7 միլիոն մարդ:
Լուսանկարում՝ Էմանուել Մակրոնը 2018 թվականի մայիսին Նոր Կալեդոնիա կատարած իր ճանապարհորդության ժամանակ (Լյուդովիկ ՄԱՐԻՆ / AFP)