կարևոր
886 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-11 22:40

Ձերբակալություններ և կալանավորումներ Գեղարքունիքում

Ընդդիմադիրներին չեզոքացնելու հին ու փորձված միջոց է ձերբակալություններն ու կալանավորումները: Իսկ նպատակն՝ ամեն գնով պահել իշխանությունը: Այս համոզմանն է «Միասնական Վարդենիս» դաշինքից՝ ավագանու անդամ ընտրված Դավիթ Շահնազարյանը: Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո՝ «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը կալանավորված է:

Գավառի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննչական կոմիտեի միջնորդությունը: Ընտրությունների արդյունքում՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 12 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը` 10, իսկ «Միասնական Վարդենիս»-ը` 5 մանդատ: Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ այժմ փորձ է արվում վերահաշվարկի միջոցով՝ 1 մանդատ խլել իրենց դաշինքներից, որից հետո՝ թվային հարաբերակցությունը կդառնա 13/14:

Քննչական կոմիտեն դեկտեմբերի 10-ին հայնտել էր, որ Արամ Հարությունյանը, որը Վարդենիս համայնքի նախկին ղեկավարն էր՝ 2004թ. մարտից մինչեւ 2017թ-ի նոյեմբեր ընկած ժամանակահատվածում կատարել է մի շարք չարաշահումներ: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու եւ խարդախության հատկանիշներով:

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարը վստահ է՝ Արամ Հարությունյանի կալանավորումը կապված է «Ահարոն Խաչատրյան» դաշինքին միավորվելու հետ: Հակոբ Ավետյանն այս ՏԻՄ ընտրություններին չի առաջադրվել, սակայն սատարել է «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքին: Նրա խոսքով՝ իրեն եւս հետապնդում են: Վարդենիսում իշխանությունը դիմում է աննախադեպ ճնշումների: Նշում է «Ահարոն Խաչատրյան դաշինքի» անդամ Էդգար Պետրոսյանը:

Տեղեկացնում է՝ խուզարկություն է իրականացվել նաեւ դաշինքի թեկնածու Ահարոն Խաչատրյանի տանը եւ բակում: Նրա խոսքով՝ խուզարկության հիմքը չի ներկայացվել: Ինչպես նաեւ Հակակոռոպցիոն Կոմիտե է բերման ենթարկվել նրա կինը՝ էլմիրա Խաչատրյանը:

Ի դեպ, սահմանային լարվածությունը հաշվի առնելով, նրանք քաղաքացիներին խնդրել են, որ բողոքի ակցիաներ առայժմ չանեն, սակայն իրավական ճանապարհով շարունակելու են պայքարը. պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում:

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում։