Արդեն բավական երկար ժամանակ հայկական լրատվամիջոցներում քննարկվում է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի սկանդալային հայտարարությունն այն մասին, որ Երևանի ու Բաքվի միջև օպերատիվ կապն ապահովել է ոչ միայն ինքը, այլեև կառավարության աշխատակազմի ևս մեկ պաշտոնյա:
Դրանից անմիջապես հետո սկսվեցին տարբեր պաշտոնյաների անուններ շրջանառվել, իսկ «ԱՆԻ» հայագիտական հետազոտությունների կենտրոնը հայտնել է, որ երկրորդ բանակցողը կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հրաչյա Թաշչյանն էր:
Sputnik Արմենիան հարցում է ուղարկել ԱԱԾ՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք գերատեսչությունը ուսումնասիրո՞ւմ է Վանեցյանի հայտարարությունը երկրորդ բանակցողի մասին, և արդյոք տիրապետո՞ւմ է տեղեկատվությանը, թե ո՞վ է ապահովում օպերատիվ կապը:
«Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանից բացի Ադրբեջանի հետ ուղիղ կապ ապահոված պաշտոնյայի ով լինելու վերաբերյալ հարցադրմանը՝ հայտնում ենք, որ դրա վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ առկա չեն», - մասնավորապես նշված է պատասխանի մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ բացի իրենից, պետական ապարատի ևս մեկ պաշտոնյա է օպերատիվ կապ ապահովել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Քաղաքական գործիչը հերքել էր տեղեկությունն այն մասին, որ այդ կապը պահել է վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը՝ միաժամանակ չցանկանալով նշել իրական պաշտոնյայի անունը։
Իսկ արդեն դեկտեմբերի 1-ին Փաշինյանն աշխատանքից ազատեց վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հրաչյա Թաշչյանին, որի անունը կապվում է Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություններին: Նա այս պաշտոնին էր նշանակվել 2020 թվականի հուլիսին, իսկ մինչ այդ զբաղեցնում էր վարչապետի օգնականի պաշտոնը: