կարևոր
880 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-11 13:10

ԱԱԾ-ն չի հետաքննում Pegasus լրտեսական ծրագրով գաղտնալսման փաստերը

ԱԱԾ-ն չի հետաքննում Pegasus լրտեսական ծրագրով գաղտնալսման փաստերը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իսրայելական NSO Group ընկերության Pegasus ծրագրա-ապարատային համակարգի միջոցով գաղտնալսումների մասին ՀՀ քաղաքացիներից ահազանգեր, հաղորդումներ հանցագործության մասին չի ստացել: Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն՝ ի պատասխան պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցմանը:  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը պատգամավորական գրավոր հարցում էր ուղարկել ԱԱԾ պետ Արմեն Աբազյանին՝ ճշտելու, թե ԱԱԾ-ն լրտեսական գաղտալսող ծրագրի վերաբերյալ ահազանգերի ուղղությամբ ի՞նչ քայլեր է ձեռնարկում: Ինչպես նաև պատասխանել՝ արդյոք ԱԱԾ-ն օգտվո՞ւմ է այդ ծրագրից, ձե՞ռք է բերել այդ ծրագիրը, եթե ձեռք է բերել, ապա հայցվում էր ներկայացնել գնման և դրա կիրառման մանրամասներրը: 

Պատասխան գրությամբ ԱԱԾ-ն նաև տեղեկացնում է, որ ազգային անվտանգությունն այս ծրագիրը ձեռք չի բերել: 

Հիշեցնենք, որ նոյոմբերի 24-ին ծրագրային ապահովման մասնագետ Ռուբեն Մուրադյանը հայտնեց, որ Հայաստանում առնվազն երկու մարդ Apple-ից նախազգուշական նամակ է ստացել այն մասին, որ իրենց հեռախոսներում Pegasus լրտեսող ծրագիր է տեղադրված: Այնուհետ, այս մասին բարձրաձայնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը՝ նշելով. «ունեմ փաստացի տվյալներ այն մասին, որ հարձակում է իրականացվել տխրահռչակ Pegasus ծրագրով ոչ միայն իմ, այլև մերձավոր շրջապատիս և ընտանիքիս անդամների հեռախոսների վրա»։ Հաջորդիվ նման փաստի մասին խոսեց փաշինյանական թիմից, ՊՎԾ նախկին պետ, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը, ավելի ուշ նաև՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը:

Ավելի վաղ ԶԼՄ-երը հայտնում էին, որ Փաշինյանը 7 մլն դոլար արժողությամբ «Pegasus» համակարգ է ձեռք բերել: Pegasus-ը լրտեսող ծրագիր է, որը մշակվել է իսրայելական NSO Group ընկերության կողմից: Ծրագիրն առանց օգտատիրոջ տեղեկության կարող է ներբեռնվել բջջային հեռախոսների և այլ սարքերի վրա, կարող է հասանելիություն ստանալ նամակագրությանը, լուսանկարներին և տեսանյութերին, կարող է ակտիվացնել տեսախցիկը և խոսափողը առանց սեփականատերերի իմացության։

Մի քանի օր շարունակ փորձագետները, Աժ պատգամավորները բարձրաձայնում էին խնդիրը, նշում, որ ծրագիրը չի կարող գործարկվել առանց պետության գիտության: Ըստ NSO Group-ի հայտարարության, նրանք համագործակցում են բացառապես պետության հետ։ Եթե պետությունը թույլ չտա մուտք գործել Հայաստանի բջջային օպերատորների համակարգ, հնարավոր չէ այդ ծրագիրը կիրառվի մեր երկրում:

Ավելի ուշ էլ Վանեցյանը մանրամասնեց, որ Pegasus ծրագիրը Հայաստանի հատուկ ծառայությունների ամբողջական հսկողության ներքո չէ: NSO Group-ն այն չի վաճառում հատուկ ծառայություններին իրենց գործառույթներն իրականացնելու համար, «այլ այդ ընկերությունը որոշակի գումարի՝ 7-10 մլն դոլարի մասին է խոսքը, դիմաց բաժանորդագրվում են այդ ծրագրին։ Այդպիսով նրանք հնարավորություն են տալիս այդ ընկերությանը, առանց խոչընդոտի մուտք գործել Հայաստանի բջջային օպերատորների համակարգ ու վարակել ցանկացածի հեռախոս։ Բայց այդ տվյալները ոչ թե ստացվում ու պահպանվում են Հայաստանի իրավապահ համակարգի բազաներում, այլ դրանք գնում են NSO Group-ի կենտրոնական գրասենյակ, որից հետո այն տրամադրում է դրանք պատվիրատուին»։

Արդյունքում, ստացվում է, որ հրապարակային փաստերը, լրտեսական ծրագրով գաղտալսման պաշտոնական զգուշացումները ԱԱԾ ուշադրության և հետաքննման առարկա չեն դարձել: