կարևոր
1801 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-10 23:06

Ալեն Սիմոնյանը հերթական անգամ ապացուցում է, որ իրեն մտահոգում  է բացառապես սեփական աթոռը

Ալեն Սիմոնյանը հերթական անգամ ապացուցում է, որ իրեն մտահոգում  է բացառապես սեփական աթոռը

Ցանկացած պաշտոնյա իր հնչեցրած խայտառակ հայտարարություններից հետո կա՛մ ինքնակամ պետք է հրաժարական տար, կա՛մ ամեն կերպ հայցեր հանրության ներողամտությունը, փոխարենը նա հերթական անգամ ապացուցում է, որ իրեն մտահոգում  է բացառապես սեփական աթոռը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ֆեյսբուքյան էջում արած այն գրառմանը, թե Հայաստանը գտնվում է «իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում», իսկ այդ պահին ընդդիմությունն իր հրաժարականն է պահանջում:

 «Հասկանալի է Ալեն Սիմոնյանի անհանգստությունը, ով կայծակնային արագությամբ արձագանքել է ԱԺ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգում ընդդիմության կողմից ներկայացված իր հրաժարականի նախագծին։ Ակնհայտ է, որ ցանկացած պաշտոնյա իր հնչեցրած խայտառակ հայտարարություններից հետո կամ ինքնակամ պետք է հրաժարական տար, կամ ամեն կերպ հայցեր հանրության ներողամտությունը: Փոխարենը նա հերթական անգամ ապացուցում է, որ իրեն մտահոգում  է բացառապես սեփական աթոռը»,- նկատեց Խամոյանը:

Դիտարկմանը, թե Սիմոնյանն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում, եւ այս պայմաններում նման քայլը տեղին չէ, Խամոյանը հակադարձեց, որ Հայաստանի պատմության ամենավճռորոշ այս փուլը ամենաողբերգական ավարտը կունենա, եթե իշխանության շարունակեն մնալ Ալեն Սիմոնյանն ու իր քաղաքական ղեկավարը։

«Մարդիկ, որոնք խաղաղության դարաշրջանի մասին խոստումներով էին մոլորեցնում մեր հասարակությանը, բայց բերել են նոր տարածքային կորուստներ, նոր զոհեր։ Վառ օրինակ այսօրվա կատարվածը՝ մի կողմից թշնամին է կրակում Վարդենիսի ուղղությամբ, մյուս կողմից իշխանությունը քաղաքական հետապնդման է ենթարկում եւ կալանավորում ընտրված համայնքապետին՝ միայն նրա համար, որ ՔՊ-ական չէ:

Անհեթեթություն է, երբ քաղաքական ապիկարության մասին խոսում է մարդ, որի թիմի ապաշնորհ եւ դավաճանական գործողությունների հետեւանքով կորցրել ենք Արցախի զգալի հատվածը, մեր հազարավոր եղբայրներին, հարվածի տակ է դրվել Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, նսեմացվել մեր ազգային արժանապատվությունը»,- նշեց Խամոյանը:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Այն օրերին, երբ Հայաստանի շուրջ կարևոր դիվանագիտական պրոցեսներ են ընթանում, կրակոցներ են հնչում Հայաստանի սահմանների ուղղությամբ, Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում, ԱԺ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ինձ է ուղարկվել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահի հրաժարականը: Ձեր այս արարքը նշանակում է երկու բան. Ձեր քաղաքական ապիկարությունն իր գագաթնակետին է, իսկ ես իմ մասով մինչ այս պահն ամեն ինչ ճիշտ եմ արել»։