կարևոր
538 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-10 21:24

ԱԺ պատգամավորներ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն ազատ արձակվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մխիթար Զաքարյանը եւ Արթուր Սարգսյանն ազատ արձակվեցին պրոֆեսոր Արմեն Չարչյանի ազատ արձակումից ժամեր անց, սակայն այս անգամ անմիջապես «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: Դրսում  սպասող պատգամավորները ծափերով դիմավորեցին նրանց՝ չմոռանալով շնորհավորել Մխիթար Զաքարյանի տարեդարձը:

Պատգամավորները չցանկացան կենտրոնանալ կալանավորման հետ կապված հարցերին՝ ավելի մտահոգիչ համարելով երկրում ստեղծված իրավիճակը:

Պրոֆեսոր Արմեն Չարչյանը դեկտեմբերի 10-ին առաջինն ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Պատգամավորների ազատ արձակումը կապված է ընդդիմադիր պատգամավորների՝ ՍԴ ներկայացված դիմումի հետ, որի հիման վրա Սահմանադրությունը համապատասխան է ճանաչել մեղադրյալների անձեռնմխելիության մասին քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածը: Բարձր Դատարանն արձանագրել է, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից  չի կարող մնալ անազատության մեջ: Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը չի կարող զրկվել ազատությունից առանց Ազգային Ժողովի համաձայնության: Կալանքի մեջ դեռեւս գտնվող պատգամավորների թվում էր պրոֆեսոր Արմեն Չարչյանը: ՍԴ որոշումից հետո դատարանը շտապ նիստ էր հրավիրել պատգամավոր Արմեն Չարչյանի կալանքից ազատելու համար:

Հիշեցնենք, որ թեեւ առողջական ծանր վիճակում գտնվող Ազգային Ժողովի պատգամավոր Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ նշանակվել էր սեպտեմբերի 25-ին, սակայն նա դեռ կալանավայրում էր: Չարչյանի առողջական վիճակը վատթարացել էր դեռ օգոստոսին, որից հետո նա տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց: Փաստաբանը միջնորդել էր Չարչյանին ազատ արձակել՝ պնդելով, որ նրա առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ: Դատարանի դահլիճից դուրս գալով՝ պորֆեսոր Չարչյանը հայտարարեց, որ այսօր հաղթեց արդարադատությունը, ըստ նրա՝ ՍԴ-ի որոշումից հետո դատարանը այլ ելք չուներ:

Դատարան եկած «Հայաստան» խմբակցության անդամ պատգամավորները պորֆեսոր Չարչյանին տուն ճանապարհելուց հետո շտապեցին «Վարդաշեն» քրեկատորողական հիմնարկ, որտեղից էլ Սահմանադրական դատարանի նույն որոշմամբ ազատ արձակվեցին պատգամավորներ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը:

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում: