կարևոր
481 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-10 20:28

Այդ օրերին պատերազմը չխանգարեց ինքնորոշվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

30 տարի առաջ Արցախի ճակատագրի հարցում վճռորոշ եղավ յուրաքանչյուր արցախցու քվե: Համաժողովրդական շարժում, հետո արդեն առաջին կրակոցներ, անդառնալի կորուստներ, զուգահեռաբար Արցախի Հանարապետության հռչակում, որը վավերացվեց անկախության հանրաքվեով: Այնուհետեւ ընտրվեց Գերագույն խորհուրդը, ապա պատերազմ, ազատագրում, ընտրություններ եւ Արցախը դարձավ կայացած պետականություն:

Երեք տասնամյակ անց ազատ Արցախն այսօր տոնում է անկախության հանրաքվեի 30-ամյակը։ 1991 թվականի դեկտեմբերից սկսվեց Ստեփանակերտի նկուղային կյանքը: Դեկտեմբերի 10-ի լուսաբացից արցախցիները պատասխանում էին հետեւյալ հարցին. «Համաձա՞յն եք, որ Արցախի Հանրապետությունը լինի անկախ պետություն»: Ընտրական տեղամասերը տեղակայված էին Ստեփանակերտի դպրոցներում: Ասում են` ճակատային քաղաքում վաղուց նման բան չէր եղել: Այդ օրը ստեփանակերտցիները տոնական էին հագնվել ու քվեատուփերին մոտենում էին երեխաների ձեռքներից բռնած:

«Ալազանի» յուրաքանչյուր պայթյունից հետո, որ հասնում էր այն շենքերին, ուր քվեարկություն էր ընթանում, ավելի շատ ցնցվում էին այդ ամենին անսովոր հյուրերը: Հանրաքվեի ընթացքին հետեւում էին անկախ դիտորդներ: Նրանցից ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ Յուրի Աֆանասեւը վատ եղանակի պատճառով չմեկնեց: Երեք օր հատուկ ռադիոհեռախոսով զանգահարում էր Ելցինին, պաշտպանության նախարար, մարշալ Շապոշնիկովին եւ Ռուսաստանի ներքին գործերի նախարարին: Նա պատմում էր այն մասին, թե այդ պահին ինչ էր տեղի ունենում Ստեփանակերտում, ժամանակ առ ժամանակ լսափողը մոտեցնում էր պատուհանին` զրուցակիցներին հնարավորություն տալով լսելու «Ալազանի» ֆշշոցն ու պայթյունը: Քվեարկությանը մասնակցում են ձայնի իրավունք ունեցող բոլոր քաղաքացիները, այդ թվում Գետաշենի ենթաշրջանի բնակիչները, դրանով իսկ իրավական տեսակետից ամրագրելով ենթաշրջանի` ԱՀ կազմի մեջ մտնելը:

Քվեարկողների 99 տոկոսը դրական է պատասխանում հարցին: Արդյունքում դիտորդները ոչ մի խախտում չեն հայտնաբերում հանրաքվեի անցկացման ընթացքում, փոխարենը արձանագրությունում հավաստում են. քվեարկության օրը հրետակոծումներից զոհվել է 10-ը, վիրավորվել` 11 հայ:

Հանրաքվեն կայանում է ու թերեւս նախանձելի օրինակ դառնում ժողովրդավարության ուղին բռնած շատ երկրների համար: Սկսում են ձեւավորվել պետական ինստիտուտները, ու 15 տարի անց դարձյալ նույն օրը` դեկտեմբերի 10-ին ԱՀ-ում անցկացվեց ԱՀ առաջին Սահմանադրության նախագծի ընդունման համաժողովրդական հանրաքվեն:

Մանրամասները՝ տեսանյութում: