կարևոր
1123 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-10 19:12

«Միասնական Վարդենիս» դաշինքի առաջնորդը կալանավորվեց

«Միասնական Վարդենիս» դաշինքի առաջնորդը կալանավորվեց

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կալանավորվել է Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Նշենք, որ Վարդենիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, երբ «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» դաշինքները կոալիցիա կազմելու մասին հայտարարություն տարածեցին, «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող, Վարդենիս համայնքի նախկին ղեկավար Արամ Հարությունյանին Սեւանի քննչական կոմիտեն հրավիրել է հարցաքննության ու ձերբակալել։ 

Իշխանության քաղաքական բռնաճնշումների դեմ հայտարարություն են տարածել «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքները, ինչպես նաև՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը՝ դատապարտելով  նմանօրինակ բռնաճնշումները, որոնք խաթարում են և ստվեր են գցում արդար անցկացված ընտրությունների արդյունքների վրա։ 

«Տեղի ունեցողը երկրում առկա անօրինականության, քաղաքական հետապնդումների, թշնամանքի մթնոլորտի հերթական դրսևորումն է: Իշխող քաղաքական ուժն այս կերպ է հակադարձում ժողովրդի կամքի դրսևորմանը: Դատապարտելով նման գործելաոճը՝ հայտարարում ենք, որ բոլոր մեթոդներով հակազդելու ենք բռնության նման դրսևորումներին և ամեն գնով պաշտպանելու ենք ժողովրդի կամարտահայտության արդյունքները»,- ասվում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարության մեջ: 

Երեկ, հաջակցություն ընդդիմադիր դաշինքի առաջնորդի, վարդենիսցիները մինչև ուշ գիշեր փակել էին ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել ապօրինի քաղաքական հետապնդումները։

Նշենք, որ այս համայնքում ևս, չնայած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առավել ձայներն է հավաքել, սակայն մրցակից դաշինքների կոալիցիայի արդյունքում, իշխող կուսակցությունը չի ստանում համայնքի ղեկավարի պաշտոնը: 

«ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ 4 993
«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՎԱՐԴԵՆԻՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ 2 206
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 6 162