կարևոր
922 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-10 16:19

«Միասնական Վարդենիս» դաշինքն իր ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքին

«Միասնական Վարդենիս» դաշինքն իր ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքին

«Միասնական Վարդենիս» դաշինքն իր ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքին և հարազատներին ու շուտափույթ ապաքինում ցանկանում բոլոր վիրավորներին։

«Կապված սահմանային լարված իրավիճակով խնդրում և հորդորում ենք մեր բոլոր աջակիցներին առայժմ զերծ մնալ ճանապարհ փակելու գործողություններից որպեսզի որևէ կերպ չխոչընդոտենք պաշտպանության գործընթացին և ավելորդ շահարկումների տեղիք չտանք»,- նշվում է դաշինքի տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր կեսօրին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավորվել է:

Հիշեցնենք, որ երեկվանից դաշինքի աջակիցները Վարդենիսում փակել էին ճանապարհը՝ դաշինքի առաջնորդի ձերբակալման դեմ բողոք արտահայտելու: 

Հիշեցնենք, որ նախօրեին «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին Սեւանի քննչական կոմիտեն հրավիրել է հարցաքննության ու ձերբակալել: Այս երկու դաշինքները դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների հիման վրա հայտարարել էին կոալիցիա կազմելու և համայնքային իշխանության ղեկավարումը ստանձնելու մասին: 

Իշխանության քաղաքական բռնաճնշումների դեմ հայտարարություն են տարածել «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքները, ինչպես նաև՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը՝ դատապարտելով  նմանօրինակ բռնաճնշումները, որոնք խաթարում են և ստվեր են գցում արդար անցկացված ընտրությունների արդյունքների վրա։ 

«Տեղի ունեցողը երկրում առկա անօրինականության, քաղաքական հետապնդումների, թշնամանքի մթնոլորտի հերթական դրսևորումն է: Իշխող քաղաքական ուժն այս կերպ է հակադարձում ժողովրդի կամքի դրսևորմանը: Դատապարտելով նման գործելաոճը՝ հայտարարում ենք, որ բոլոր մեթոդներով հակազդելու ենք բռնության նման դրսևորումներին և ամեն գնով պաշտպանելու ենք ժողովրդի կամարտահայտության արդյունքները»,- ասվում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարության մեջ: