Դեկտեմբերի 10-ի կեսօրին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է։ Զոհված զինծառայողի տվյալները, ինչպես նաև տեղեկություններ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին կհաղորդվեն ավելի ուշ։
Ժամը 14։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Իրավիճակը գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
Տեղաբնակների վկայությամբ՝ նույն ուղղությամբ թշնամին մեծաքանակ տեխնիկա է կուտակել, ինժեներական սարքավորումներ, ինչպես նաև ճանապարհաշինարարական աշխատանքներ է փորձում իրականացնել:
Ավելի վաղ պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ի սահմաններում, թշնամին հարձակում է գործել Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով երկու զինվոր էր վիրավորվել: