կարևոր
1204 դիտում, 11 ամիս առաջ - 2021-12-10 13:56

ԱԺ իշխող մեծամասնությունը կողմ քվեարկեց լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող վիճարկելի նախագծերին

ԱԺ իշխող մեծամասնությունը կողմ քվեարկեց լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող վիճարկելի նախագծերին

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  Զանգվածային լրատվության մասին օրենքում, Քաղաքացիական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Նշենք, որ նախագիծը հեղինակել են իշխանական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը: Նախագիծն ընդունվեց 62 կողմ, 25 դեմ ձայներով:

Փոփոխությունների արդյունքում՝ առաջարկվում է պատասխանատվություն սահմանել ԶԼՄ-ների համար` կեղծ էջերից արտատպած վիրավորանք և զրպարտություն պարունակող տեղեկատվության համար:

Նախագծով նոր դրույթ է ավելացել. չնույնականացվող աղբյուր, որը սահմանվում է որպես համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք կամ էջ (այսուհետ՝ աղբյուր), որի տնօրինողի նույնականացման տվյալները բացակայում են կամ ակնհայտ կեղծ են, կամ թերի են, եթե այդ թերությունը թույլ չի տալիս նույնականացնել աղբյուրը տնօրինողին:

Տնօրինողի նույնականացման տվյալներն են աղբյուրը տնօրինող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրը, եթե նա լրատվական գործունեությունն իրականացնում է որպես անհատ ձեռնարկատեր, ապա նաև պետական հաշվառման համարը, իսկ եթե աղբյուրը տնօրինվում է իրավաբանական անձի կողմից՝ իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գրանցման համարը:

Օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից։ Նշենք, որ ընդդիմությունը դեմ է քվեարկել այս նախագծին: Նախագծի հեղինակները չեն խորհրդակցել լրագրողական կազմակերպությունների հետ:

Հիշեցնենք, որ լրագրողական շուրջ 10 կազմակերպություն հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել են վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման գումարները մեծացնելու մասին օրենքին, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավորները նախաձեռնել էին քննարկում լրատվամիջոցների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին խնդրահարույց օրինագծի շուրջ և նշել, որ իշխանական պատգամավորների հերթական նախագծով նոր տուգանքներ են նախատեսված լրատվամիջոցների համար: