կարևոր
505 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-10 13:33

Հայաստանում չպետք է  լինեն դատավորներ, որոնք Սահմանադրության տարրական կանոններին չեն տիրապետում. Արամ Վարդևանյան

Հայաստանում չպետք է  լինեն դատավորներ, որոնք Սահմանադրության տարրական կանոններին չեն տիրապետում. Արամ Վարդևանյան

Այնպես չէ, որ ՍԴ-ն հատուկ մի նորարարություն է կատարել, ՍԴ-ն վերարտադրել էՍահմանադրության 96-րդ հոդվածը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Այսինքն դրա մասին գիտեին բոլորը, դրա մասին պարտավոր էին իմանալ առնվազն իրավաբանները, չիմանալը նշանակում է, որ առնվազն իրավաբանը չպատկերացնի՝ ի՞նչ է իրավունքը, ի՞նչ է օրենքը, ի՞նչ է օրենքի գերակայությունը, ի՞նչ է իրավունքի գերակայությունը: 96-րդ հոդվածը շատ պարզ հոդված է, որտեղ գրված է՝ ԱԺ պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից բացառությամբ ԱԺ համաձայնության»:

Վարդեւանյանի խոսքով, ժամերի ընթացքում ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանը լինելու է ազատության մեջ, այդտեղ երկրորդ կարծիք չկա, մանեւրելու տեղ չկա. «Երբ մենք դիմեցինք ՍԴ եւ այն վարույթ ընդունվեց, դա եւս ազդակ էր, որ իրավաբաններ, սթափվեք, չի կարելի նման խայտառակություններ կատարել»:

Նա նաեւ նկատեց, որ պարտադիր չէ լինի դատարանի որոշում, որ պատգամավորները ազատ արձակվեն, քանի որ ՍԴ որոշումից հետո կա այն օրինական դատական ակտը, որի հիման վրա նրանք անազատության մեջ են, հետեւաբար ՔԿՀ-ն չի կարող նրանց պահել անազատության մեջ. «Բոլոր այն դատավորները, որոնք պատգամավորներին պահել են կալանավորված, վստահեցնում են, հետեւանքներ լինելու են բոլոր պատասխանտուների ու մեղավորների նկատմամբ: Օրենքով սահմանված բոլոր միջոցները ձեռնարկվելու են, որովհետև Հայաստանում չպետք է  լինեն դատավորներ, որոնք Սահմանադրության տարրական կանոններին չեն տիրապետում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ընդդիմադիր պատգամավորը համոզմունք հայտնեց, որ ՍԴ տեքստից հասկանում է, որ եղել են ճնշումներ ՍԴ-ի վրա, որովհետեւ այնտեղ հանգամանքներ կան, որոնց ՍԴ-ն չի անդրադարձել:

Արամ Վարդևանյանն ասաց, որ միջազգային կազմակերպություններից բոլորին այս պարզ ճշմարտությունը ներկայացվել էր՝ պատգամավորներն անձեռնմխելի են, բայց «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորն էլ չեն կարողանում գնալ, մասնակցել նիստերին, ինչպես բոլոր մնացած պատգամավորները, քանի որ գտնվում են «Վարդաշեն» ՔԿՀ-ում:

«Միջազգային կազմակերպություններից ոչ ոք ոչ մի գործողություն չձեռնարկեց, առնվազն ես ոչ մի հրապարակային հայտարարություն չտեսա: Սա ցավ է, խոսում է  այն մասին, որ գտնվում ենք իրավական  տեսանկյունից շատ վտանգավոր, ծայահեղ վտանգավոր և բարդ դրության մեջ»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է իրավապահ համակարգի հնարավոր հետագա քայլերին, Արամ Վարդևանյանն ասաց. «5 ամիս մարդկանց ապօրինի կալանավորելուց հետո էլ ինչ պետք է անեն, իրավունքների խախտման էլ ի՞նչ ախորժակ ունենա: Արմեն Չարչյանին ոչ միայն 5 ամիս կալանավորել են, նաև առողջությունն են քայքայել: Էլ ավելի ի՞նչ են ուզում: Բոլորս հասկանում ենք, որ սա բռնապետություն է, որի դեմ ամեն օր պայքարում ենք և պայքարելու ենք»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Հիշեցնենք, որ երեկ Սահմանադրական դատարանը հրապարակեց պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը: Սահմանադրական դատարանը, ըստ էության, արձանագրեց, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ: Սահմանադրական դատարանի այս որոշումից հետո անհապաղ պետք է փոխվի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը, և նրանք պետք է ազատ արձակվեն: