Վարդենիսից մեզ հայտնում են, որ գիշերվանից ոստիկանությունը սկսել է ձերբակալել նաև «Ահարոն Խաչատրյան» դաշինքի թիմի անդամներին:
Առավոտյան էլ 8։20 րոպեին մտել են դաշինքի ցուցակը գլխավորող Ահարոն Խաչատրյանի բնակարան, 2 ժամ ապօրինի խուզարկությունից հետո՝ ի վերջո փաստաբանին հաջողվել է ոստիկաններին պարտադրել դուրս գալ: Այժմ ոստիկանները տան բակում են:
Հիշեցնենք, որ նախօրեին «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին Սեւանի քննչական կոմիտեն հրավիրել է հարցաքննության ու ձերբակալել: Այս երկու դաշինքները դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների հիման վրա հայտարարել էին կոալիցիա կազմելու և համայնքային իշխանության ղեկավարումը ստանձնելու մասին:
Իշխանության քաղաքական բռնաճնշումների դեմ հայտարարություն են տարածել «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքները, ինչպես նաև՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը՝ դատապարտելով նմանօրինակ բռնաճնշումները, որոնք խաթարում են և ստվեր են գցում արդար անցկացված ընտրությունների արդյունքների վրա։
«Տեղի ունեցողը երկրում առկա անօրինականության, քաղաքական հետապնդումների, թշնամանքի մթնոլորտի հերթական դրսևորումն է: Իշխող քաղաքական ուժն այս կերպ է հակադարձում ժողովրդի կամքի դրսևորմանը: Դատապարտելով նման գործելաոճը՝ հայտարարում ենք, որ բոլոր մեթոդներով հակազդելու ենք բռնության նման դրսևորումներին և ամեն գնով պաշտպանելու ենք ժողովրդի կամարտահայտության արդյունքները»,- ասվում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարության մեջ:
Երեկ, հաջակցություն ընդդիմադիր դաշինքի առաջնորդի, վարդենիսցիները մինչև ուշ գիշեր փակել էին ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել ապօրինի քաղաքական հետապնդումները։
Նշենք, որ այս համայնքում ևս, չնայած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առավել ձայներն է հավաքել, սակայն մրցակից դաշինքների կոալիցիայի արդյունքում, իշխող կուսակցությունը չի ստանում համայնքի ղեկավարի պաշտոնը:
«ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ | 4 993 |
«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՎԱՐԴԵՆԻՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ | 2 206 |
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 6 162 |