Այսօր Արտաքին գործերի նախարարության մոտից, որտեղ բողոքի ակցիա էր իրականացնում Ազատագրական շարժումը, ոստիկանություն բերման է ենթարկվել 13 անձ: ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։ Բերման են ենթարկվածներից են բողոքի ակցիայի կազմակերպիչներից Վահագն Չապխալյանը և Նաիրի Հոխիկյանը: Մեծ թվով ոստիկաններ դուրս հրելով հանեցին շենքից ազատագրական շարժման անդամ Արա Զոհրաբյանին։ Մի քանիսն էլ Հոխիկյանի ձեռքերը բռնած հանեցին։ «Հստակ հակաօրինական գործողություն եք կատարում, ենթարկվում եք դավաճանին։ Դավաճանին ենթարկվողը դավաճան է»,-այդ ընթացքում հայտարարեց Հոխիկյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազատագրական շարժումն այսօր առավոտյան վերսկսել էր բողոքի ակցիաները: Շարժման մասնակիցները Արտաքին գործերի նախարարությունում էին: Պահանջում էին Արտաքին գործերի նախարարի հետ հանդիպում: Նրանք հայտարարել են, որ Կառավարությունը քաղաքականություն է որդեգրել՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին և ԱԳՆ-ից պաշտոնական պատասխան էին պահանջում: