կարևոր
2944 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-10 01:07

30 տարի առաջ այս օրը Արցախում «ԱՅՈ» ասացին անկախությանը

30 տարի առաջ այս օրը Արցախում «ԱՅՈ» ասացին անկախությանը

Ուղիղ 30 տարի առաջ այս օրը՝ 1991-ի դեկտեմբերի 10-ին նորանկախ Արցախի Հանրապետությունում անց է կացվել անկախության հռչակման, կազմավորման և օրինական իշխանությունների ձևավորման հարցերով հանրաքվե: Այն տեղի է ունեցել նախքան 1991թ. դեկտեմբեևրի 21-ին Ալմա-Աթայում ԽՍՀՄ լուծարման մասին հռչակագրի ստորագրումը:

Ավելի վաղ՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին, Արցախի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում ընդունվել էր Արցախի Հանրապետության կազմավորման հռչակագիրը, ինչը համապատասխանում էր թե՛ ԽՍՀՄ օրենսդրական նորմերին, թե՛ միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված ժողովրդի ինքնորոշման իրավունքին:

Համաձայն Արցախի Հանրապետության Ժողովրդական պատգամավորների խորհրդի կողմից հաստատված կանոնակարգի՝ հանրաքվեի դրված հարցն ընդունված էր համարվում, եթե դրա օգտին քվեարկեր ընտրողների առնվազն 2/3-ը՝ 50%-ից ոչ պակաս մասնակցության դեպքում:

Հանրաքվեին մասնակցել է գրանցված քաղաքացիների 82.2%-ը, այդ թվում նաեւ Գետաշենի ենթաշրջանի բնակիչները՝ դրանով իսկ իրավական տեսակետից ամրագրելով ենթաշրջանի` Արցախի Հանրապետության կազմի մեջ մտնելը: Քվեարկության իրավունք ունեցող 132.328 քաղաքացուց հանրաքվեին մասնակցել է 108.738 մարդ, որը կազմում էր քվեարկության իրավունք ունեցողների 82,2 տոկոսը: Անկախությանը «կողմ» քվեարկեց 108 615, «դեմ»՝ 24 (0,02 %) հոգի, 96 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց:

Քվեարկությանը մասնակից քաղաքացիների 99,89 տոկոսը հավանություն է տվեց Արցախի Հանրապետության հռչակմանը: Արցախի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով ամրագրեց եւ իրացրեց անկախ պետություն ունենալու իր իրավունքը:

Քվեարկությանը չմասնակցած մարդկանց մեծամասնությունը ադրբեջանական բնակավայրերի բնակիչ էր: Թեեւ ադրբեջանցիներն արդեն փոքր թիվ էին կազմում, արցախյան իշխանությունները հանրաքվեում նրանց մասնակցությունն ապահովելու համար քվեաթերթիկները տպագրել էին երեք լեզունվով` հայերեն, ադրբեջաներեն եւ ռուսերեն:  Այնուամենայնիվ, Արցախում բնակվող ադրբեջանցիները, հետեւելով Բաքվի հրահանգին, չմասնակցեցին հանրաքվեին:

Քվեաթերթիկը պարունակում էր հետևյալ հարցը.

«Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ»:

Հանրաքվեի անցկացման ընթացքին հետևում էր անկախ դիտորդների խումբը, որը Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի արդյունքների վերաբերյալ իր եզրակացությունն ամփոփեց համապատասխան Ակտում: Քվեարկության գործընթացի լուսաբանման համար Արցախի Հանրապետություն էին ժամանել «Радио России», «Эхо Москвы», «Известия», «Московские новости», «Мегаполис-экспресс», «Столица», «Панорама», «Литературная газета», «Le Quotidien de Paris», «France-Presse», մի շարք այլ պարբերականների ու գործակալությունների, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ, Բուլղարիայի հեռուստաընկերությունների լրագրողներ և թղթակիցներ։

Դիտորդական խմբերը աշխատել են Ստեփանակերտ քաղաքում, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու եւ Շահումյանի շրջաններում: Դիտորդները այցելել են ավելի քան 30 ընտրական տեղամաս, ներկա գտնվել ձայների հաշվմանը:

Ավելի ուշ, հանդես գալով անկախության հանրաքվեի արդյունքներին վերաբերող արձանագրությամբ, օտարերկրյա անկախ դիտորդները հաստատել են, որ Արցախի բնակչությունը ձայների ճնշող մեծամասնությամբ արտահայտվել է Արցախի Հանրապետության անկախության օգտին»: 

Արցախի Հանրապետության ադրբեջանական բնակչությունը հրաժարվեց մասնակցել հանրաքվեին։ Փոխարենը նրանք սատարեցին Արցախի դեմ ադրբեջանական իշխանությունների սանձազերծած ագրեսիային՝ ակտիվ մասնակցություն ունենալով դրանում։ Հանրաքվեի օրը Ստեփանակերտը և հայկական այլ բնակավայրեր ենթարկվեցին գնդակոծության, որի հետևանքով զոհվեց 10, վիրավորվեց 11 խաղաղ բնակիչ: