կարևոր
1897 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-09 23:40

Ադրբեջանի գերությունից վերադարձած 5 հայ զինծառայող այս պահին ձերբակալված է

Ադրբեջանի գերությունից վերադարձած 5 հայ զինծառայող այս պահին ձերբակալված է

Ադրբեջանի գերությունից վերադարձած 5 հայ զինծառայող այս պահին ձերբակալված է։ Ներկա պահին դատական նիստեր են ընթանում։

Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 զինծառայողից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

«Նրանք այս պահին ձերբակալված են և միջնորդություն է ներկայացվել նրանց կալանավորելու։ Ներկա պահին դատական նիստեր են ընթանում»,– նշեց Թադևոսյանը և հավելեց, որ հետագայում լրացուցիչ կտեղեկացնեն։

Վերադարձած գերիները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի։ Նրանց ՀՀ էր բերել ռուս գեներալ Ռուստամ Մուրադովը։

Նոյեմբերի 17-ին` ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնել էր, որ պետք է քննվի, թե ինչ հանգամանքներում են զինվորները գերի ընկել։ 

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել է.

«Գերիների մասով ես կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ ձևով հետաքննենք, որովհետև, կներեք, ՀՀ ԶՈւ ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ, և պետք է հստակ բոլոր դեպքերով քննվի, քանի որ գուցե մենք սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա. ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում: Զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն, և յուրաքանչյուր դեպքի հետ պետք է քննենք, թե այդ դեպքի հետ գործ ունենք, թե՝ ոչ: Օրինակ հստակ ձևակերպված է, որ եթե մարդը վիրավոր և անգիտակից վիճակում է և գերեվարվում է, իհարկե, նրան ոչ մի պրետենզիա չի կարող լինել: Ի՞նչ է նշանակում հրաման է եղել չկրակելու, ի՞նչ է նշանակում չկրակել: Չկրակելու գրավոր կամ բանավոր հրաման տվողը գործում է պետական դավաճանություն՝ ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու գործում»,-հայտարարել էր Փաշինյանը: