կարևոր
418 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-09 22:57

Ապօրինի շինություններն այլևս չեն օրինականացվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինքնակամ կառույցներն այլեւս չեն օրինականացվելու: Այս տարվա մինչեւ հունվարի 1-ը ապօրինի շինություն կառուցող քաղաքացիները թղթերը կադաստրի կոմիտե ներկայացնելու համար 2 ամիս ունեն:

Եվ այսպես, կառուցված ինքնակամ շինությունների օրինականացումը կարող է կատարվել՝ Երեւանում մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը, քաղաքներում՝ մինչեւ 2024, իսկ գյուղերում` 2025 թվականը:

Փաշինյաննը վստահ է՝ կառավարության նիստին հետեւող քաղաքացիները հիմա բահերն առել են ու գնում են ապօրինի շինություններ կառուցելու, ուստի չի ողջունում այս գաղափարը: Ըստ նրա՝ պետք է օրենքին հետադարձ ուժ տալ: Փաշինյանն առաջարկեց հարցի կարգավորման օպերատիվ շտաբ ձեւավորել: Ու այն համայնքների ղեկավարների նկատմամբ, որոնք չեն իրագործի տեսչական մարմինների պահանջները կանգնեցնելու, կասեցնելու ապօրինի շինարարությունները, խիստ պատիժներ կիրառել:

Կադաստրի կոմիտեի ղեկավարն էլ հայտնեց, որ իրենք ավարտել են մեր երկրի ամբողջ տարածքի օդային լուսանկարահանումը, որի վրա առկա են մինչեւ 2021 թվականի կառուցված բոլոր ինքնակամ շինությունները: Ի վերջո, քննարկումից հետո որոշում կայացվեց նախագիծն անհետաձգելի ճանաչել, ԱԺ արտահերթ նիստ հրավիրել քննարկելու ու արագացված ընթացակարգով ընդունելու համար:

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում։