կարևոր
1702 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-09 20:53

Վարդենիսում ներքաղաքական իրավիճակը լարված է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարդենիս խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում մասնակից 3 ուժից 12 մանդատ ստացել է «Քաղաքացիական պայմանագիրը», 10՝ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը, իսկ 5 մանդատ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը:

Նախօրեին «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» դաշինքները կոալիցիա կազմելու հայտարարություն էին տարածել: Սակայն իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարել էր, որ ավագանու անդամները կարող են մտքափոխվել եւ իրենց ձայնը տալ Քաղաքացիական Պայմանագրին: Արդեն դեկտեմբերի 9-ին «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին, ով նաեւ եղել է Վարդենիսի նախկին քաղաքապետը, Սեւանի քննչական կոմիտեն հրավիրել է հարցաքննության ու ձերբակալել: Այդ մասին հայտարարություն է տարածել «Միասնական Վարդենիս» դաշինքը:

Վարդենիս խոշորացված համայնքում կայացած ավագանու ընտրությունների արդյունքում 12 մանդատ ստացել է «Քաղաքացիական պայմանագիրը», 10՝ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը, 5՝ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը: Ելնելով արդյունքներից՝ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը եւ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը համագործակցության եւ համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձեւավորելու մասին հայտարարություն են ստորագրել:

Իշխանությունները, սակայն, չհաշտվելով պարտության հետ՝ վարչական, դատական, ուժային մեթոդների կիրառմամբ, վախեցնելով ու զոռբայությամբ փորձում են նվաճել Վարդենիսի ավագանին: Հիշեցնենք՝ իշխանական գործիչներից մեկը՝ պատգամավոր Հայկ Սարգսյանը, հայտարարել է, որ ավագանու անդամները կարող են մտքափոխվել եւ ձայն տալ ՔՊ-ին: Այժմ փորձ է արվում ԿԸՀ-ի միջոցով մեկ մանդատ խլել դաշինքներից՝ թվային հարաբերակցությունը դրանով դարձնելով 14/13: Սակայն 13 մանդատը եւս չի բավարարում ՔՊ-ին՝ համայնքապետ ընտրելու համար:

Ելնելով դրանից՝ իշխանությունները փորձում են ձերբակալությունների միջոցով ստանալ ձայնային առավելություն: Քիչ առաջ այդ նպատակով ապօրինաբար ձերբակալել են «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին: Իշխանությունների այս լկտի, ցինիկ վարքագիծը եւ բանեցվող բռնաճնշումները հուզումների տեղիք են տվել Վարդենիսի բնակչության շրջանում:

«Միասնական Վարդենիս» դաշինքի անդամ Դավիթ Շահնազարյանը տեղեկացրել է, որ թիմակցին ձերբակալել են նախկինում հարուցված քրեական գործով եւ վստահեցրել, որ ձերբակալումը պլանավորվել է հենց դաշինքների՝ իրար միանալուց հետո: Քանի որ նախկին գործի շրջանակներում մինչ օրս Արամ Հարությունյանի հանդեպ հետապնդում չէր եղել: Վարդենիսցիները, հասկանալով որ վարչական, դատական, ուժային մեթոդների կիրառմամբ փորձում են նվաճել Վարդենիսի ավագանին, հաջակցություն ընդդիմադիր դաշինքի առաջնորդի օրվա ընթացքում փակել էին ճանապարհը։

Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը, հաշվի առնելով ՏԻՄ ընտրություններից հետո իշխանության կողմից իրականացվող բռնաճնշումներն ու անօրինությունները, հայտարարություն է տարածել` դատապարտելով իշխանությունների քայլերը:

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում։