կարևոր
3286 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-09 19:53

Դատախազությունը, ակնհայտ փաստերը անտեսելով, ուզում է փրկել Նիկոլ Փաշինյանին. Արծվիկ Մինասյան

Գլխավոր դատախազության գործողություններն ապօրինի են, քանի որ չեն համապատասխանում Քրեական դատավարության օրենսգրքի 181 հոդվածի ընթացակարգին. ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց։

Նա և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը հայց են ներկայացրել ընդդեմ Գլխավոր դատախազության անգործության, որը քրեական գործ չի հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված պետական դավաճանության առերևույթ հանցագործության հատկանիշներով, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով:

Դատախազությունը ներկայացված հաղորդումը երկու մասի է բաժանել՝ ուղարկելով ԱԱԾ և ՀՔԾ, ինչով, ըստ դիմումատուների, ոչ միայն հաղորդման էությունն է խաթարել, այլև արհամարհել է այդ հաղորդումը։

Միտումը, ըստ Մինասյանի, ակնհայտ է՝ Դատախազությունը, ակնհայտ փաստերը անտեսելով հանդերձ, ուզում է փրկել Նիկոլ Փաշինյանին։

«Մեր բողոքը, որ բերված է ընդդեմ Դատախազության անգործության և ոչ իրավաչափ վարքագծի, նպատակ ունի նրանց օրինականության դաշտ վերադարձնել և իրականացնել պատշաճ քրեական վարույթ հարուցելու համար անհրաժեշտ նյութեր նախապատրաստելու գործընթաց։ Իսկ այդ գործընթացում բազմաթիվ փաստեր ստուգման ենթակա են՝ սկսած Նիկոլ Փաշինյանի և մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ կոնկրետ առերևույթ հանցագործություններ իրականացնելուց, ավարտած նրանով, որ այն շարունակվում է այսօր և ունի ծանր հետևանքներ թե՛ զոհերի, թե՛ գերեվարված անձանց տեսքով, թե՛ հայրենիքի տարածքները թշնամուն հանձնելու և բազմաթիվ այլ դրվագներով»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա վստահեցրեց, որ իրենց պայքարը չի կարող դադարել, մինչև այս փաստերը հերքվեն կամ հաստատվեն, իսկ հաստատման դեպքում Փաշինյանը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության։

Արծվիկ Մինասյանը դատավարության ժամանակ ներկայացրեց հաղորդման մեջ նշված փաստերը, որոնք հիմնավորում էին առերևույթ դավաճանության կասկածը։

Մանրամասն՝ տեսանյութում