կարևոր
448 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-09 19:26

Հաագայի որոշումն ապացուցում է Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասսայական ատելության պետական քաղաքականության գոյությունը․ ԱՀ ՄԻՊ

Հաագայի որոշումն ապացուցում է Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասսայական ատելության պետական քաղաքականության գոյությունը․ ԱՀ ՄԻՊ

Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը, որը, ի թիվս այլի, հաստատում է, որ ազգությամբ հայերի նկատմամբ ռասսայական ատելությունն ու խտրականությունը հրահրվում և խթանվում են Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից։ Դատարանի որոշումը ապացուցում է Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասսայական ատելության և խտրականության պետական քաղաքականության գոյությունը։ Գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Մենք բազմիցս նշել ենք, որ հայերի դեմ Ադրբեջանի հարձակումները, ներառյալ խոշտանգումները, սպանությունները և անմարդկային վերաբերմունքը, իրականացվում են համաձայն կամ ի խթանումն հայերի հիմնարար իրավունքների համակարգային և լայնածավալ ոտնահարման ադրբեջանական պետական քաղաքականության։ Անցած տասնամյակների ընթացքում Ադրբեջանը ոչ միայն միտումնավոր կերպով չի ձեռնարկել գործողություններ հայերի դեմ հանցագործություններ կատարած անձանց պատժելու ուղղությամբ, ինչն ինքնին նշանակում է խրախուսել նման հանցագործությունները, այլև բացահայտ և միտումնավոր քաջալերել է հայերի դեմ ուղղված ցանկացած հանցավոր գործողություն:

Ազգային կամ էթնիկ ծագմամբ հայերի նկատմամբ իրականացված հանցագործությունների լայնածավալ և համակարգային բնույթը, ներառյալ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների դեմ կոպտագույն ոտնձգությունները, ինչպես նաև նման պետական քաղաքականության առկայությունը Ադրբեջանի խտրական գործողությունները որակում են որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ»։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով որոշումը, որն ընթերցեց դատավոր Ջոան Դոնոգյուն։