3175 դիտում, 5 ամիս առաջ - 2021-12-09 18:28

«Ահարոն Խաչատրյան» դաշինքը կոչ է անում իշխանությանը սանձել բռնաճնշումներ իրականացնող թիմակիցներին

«Ահարոն Խաչատրյան» դաշինքը կոչ է անում իշխանությանը սանձել բռնաճնշումներ իրականացնող թիմակիցներին

Վարդենիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, երբ «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» դաշինքները կոալիցիա կազմելու մասին հայտարարություն տարածեցին, «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին Սեւանի քննչական կոմիտեն հրավիրել է հարցաքննության ու ձերբակալել։ Քննչական կոմիտեն Արամ Հարությունյանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան։

«Ահարոն Խաչատրյան» դաշինքը հայտարարություն է տարածել․

Դեկտեմբերի 5-ին կայացած Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու ընտրություններից հետո «Ահարոն Խաչատրյան» դաշինքը և «Միասնական Վարդենիս» դաշինքը կազմեցին կոալիցիա և ստորագրեցին միասնական հայտարարություն, որով երկու վերոհիշյալ դաշինքը պայմանավորվեցին համայնքապետի միասնական թեկնածու առաջադրելու և տեղական իշխանության մարմինները միասնական ձևավորելու մասին։

Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն իր հովանավորների միջոցով օգտագործելով պետական իշխանության լծակները փորձ է անում յուրացնել Վարդենիսի ժողովրդի ազատ կամքով ձևավորվելիք իշխանությունը։

Մասնավորապես՝ այսօր կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին, դրանով նպատակ ունենալով վերջինիս զրկել համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցելու հնարավորությունից, ինչով և փորձ է արվում ապահովել իրենց համար ցանկալի արդյունք։

«Ահարոն Խաչատրյան» դաշինքը դատապարտում է նմանօրինակ բռնաճնշումները, որոնք խաթարում են և ստվեր են գցում արդար անցկացված ընտրությունների արդյունքների վրա։

«Ահարոն Խաչատրյան» դաշինքը կոչ է անում քաղաքական իշխանությանը սանձել Վարդենիսում բռնաճնշումներ իրականացնող թիմակիցներին։

Ավելի վաղ հայտարարություն են տարածել «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը: