20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Դեկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
«Նորին Սրբությունը, դեսպանին մաղթելով արդյունավոր առաքելություն Հայաստանում, գոհունակությամբ նշեց, որ դեսպանատան և Մայր Աթոռի միջև հարաբերությունները մշտապես եղել են ջերմ և բարեկամական: Վեհափառ Հայրապետն ի դեմս դեսպանի իր շնորհավորանքները փոխանցեց Գերմանիայի ժողովրդին նոր վարչապետի ընտրության կապակցությամբ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց Գերմանիայի իշխանություններին պատերազմի և հետպատերազմյա շրջանում Հայաստանին ցուցաբերած զորակցության համար։
Դեսպան Ռիխտերը, իր հերթին, վստահեցրեց Հայոց Հովվապետին, որ կանի հնարավորը երկու երկրի առկա բարեկամական հարաբերությունների առավել խորացման և ամրապնդման համար։ Խոսելով Գերմանիայի հասարակական կյանքում հայ համայնքի ու եկեղեցու ներգրավվածության մասին՝ դեսպանն ընդգծեց, որ այն ևս իր նպաստն է բերում երկու երկրի փոխգործակցության զորացման գործում։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հայ ռազմագերիների վերադարձի և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հոգևոր, պատմշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ միջազգային տարբեր ատյանների կողմից տարվող աշխատանքներին»։