կարևոր
406 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-09 17:06

ՔՊ մեծամասնությունը մերժեց վիրավորանքն ապաքրեականացնող նախագիծը

ՔՊ մեծամասնությունը մերժեց վիրավորանքն ապաքրեականացնող նախագիծը

Խորհրդարանական մեծամասնությունը՝ իշխող Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները 57 դեմ ձայնով մերժեցին «Հայաստան» խմբակցության նախաձեռնած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի նախագիծը:

Նախագծով առաջարվում էր չեղարկել 4 ամիս առաջ ԱԺ-ի ընդունած վիրավորանքի քրեականացման դրույթը: Հիմնավորման մեջ նշվում էր, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը, որն օրենգրքում լրացվել է սույն թվականի հուլիսի 30-ի ՀՕ-323-Ն օրենքով, լուրջ հակասություններ ունի թե՛ Սահմանադրության, թե՛ Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի հետ:

«Մեզ համար պարզ է, որ Քաղաքացիական օրենսգրքում առկա կարգավորումների առկայությամբ, հաշվի առնելով նաև վիրավորանքի համար քաղաքացիաիրավական պատասպանատվության չափերի կտրուկ ավելացման վերաբերյալ սույն թվականի մարտի 24-ին արդեն իսկ ընդունված օրենքը, որի սահմանադրականությունը հաստատվել է Սահմանադրական դատարանի կողմից, վիրավորանքի քրեականացումը որևէ սահմանադրական նպատակ չէր կարող հետապնդել, այլ ուղղված էր զուտ ազատ խոսքի դեմ և, իրականում, հետապնդում էր իշխանության ներկայացուցիչների հանդեպ հրապարակային սուր քննադատությունը քրեաիրավական հարկադրանքի կիրառման սպառնալիքով զսպելու նպատակ: Հետևաբար` վիրավորանքի քրեականացումը հակասահմանադրական է: 

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ Քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածն անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել: Այս հարցում հապաղումը ոչ միայն էապես վտանգելու է ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում, ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը, այլև դրա կիրառումն անխուսափելիորեն հանգեցնելու է պետության պարտությանը ՄԻԵԴ-ում, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է հարկատուների հաշվին գոյացող պետական միջոցներից փոխհատուցման տրամադրմանը»,-նշված է ընդդիմադիր խմբակցության վերլուծության մեջ: 

Հիշեցնենք նաև, որ օրենքի մասին բացասաբար են արտահայտվել հանրապետությունում գործող մի շարք լրագրողական կազմակերպություններ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր. «Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունն է պաշտպանել մամուլի եւ ազատ արտահայտվելու ազատությունները: Ցավոք, Հայաստանի կառավարությունն աջակցում է տուգանքներին, որոնք կսահմանափակեն ազատ արտահայտվելու հնարավորությունը եւ կսպառնան լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությանը»:  Հայտարարութամբ էին հանդես եկել և նախագիծը դատապարտել նաև մի շարք հասարակական կազմակերպություններ: