կարևոր
1444 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-09 15:43

3+3 ձևաչափն արդեն իսկ խնդիրներ է ստեղծել. Տիգրան Աբրահամյան

3+3 ձևաչափն արդեն իսկ խնդիրներ է ստեղծել. Տիգրան Աբրահամյան

«Այս ընթացքում Փաշինյանը տարբեր գործընթացների կամ հանդիպումների հետ կապված՝ հայտնել է «դրական ազդակների» մասին, բայց դրանից հետո իրավիճակը կամ լայնամասշտաբ ռազմական գործողությունների է վերածվել, կամ սահմանի որևէ ուղղությամբ լոկալ մարտերի», - լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով երեկվա Փաշինյանի այն հայտարարությանը, թե Ռուսաստանից ստացված դրական ազդակների հիմքով՝ «3+3» ձևաչափի շրջանակում չեն քննարկվելու հարցեր, որոնք ներառված են այլ ձևաչափում։

«3+3 ձևաչափն արդեն իսկ խնդիրներ է ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում տարվող բանակցությունների համար, ինչի վկայություններից է Ստոկհոլմում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ հանդիպումների չեղարկումը՝ Ադրբեջանի կողմից։ Սրան գումարվում են նաև Ադրբեջանի այն հայտարարությունները, որ Արցախի հարց այլևս գոյություն չունի։ Պետք է հասկանալ այս ձևաչափում հարցերի ինչ շրջանակ է քննարկվելու։ Արցախին վերաբերող հարցերից բացի, մեզ համար դեռևս պարզ չէ նաև, թե ինչ այլ թեմաներ են քննարկվելու, ի՞նչ է առաջ քաշվելու, որոշումներն ի՞նչ ֆորմատով են ընդունվելու․ դրանք լինելու են կոնսենսուսայի՞ն, թե՞ մեծամասնության միջոցով։ Այսինքն, կան մեծ թվով հարցեր, որոնք որևէ կերպ հստակեցված չեն, հրապարակային չեն», - ասաց պատգամավորը։

«Չի բացառվում, որ սա կարող է ընդհանուր իրավիճակի լարման ևս մեկ դետալ դառնալ», - ասաց Աբրահամյանը՝ վերահաստատելով իր կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հիմք չէ, որ գործընթացները գնում են կառուցողական հունով կամ տեղավորվում են Հայաստանի Հանրապետության շահերի շրջանակում։

Հիշեցնենք, որ դեռ նոյեմբերին ՀՀ փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ 3+3 ձեւաչափին միանալու որոշման մասին խոսելը դեռ վաղ է: Տարածաշրջանային համագործակցության մի քանի առաջարկ է ստացել Հայաստանը, որոնցից մեկն էլ 3+3-ն է: Դրանք բոլորը, դիտարկման փուլում են: Հարավային Կովկասի պետությունների ու դրանց հարեւաններ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությամբ այս ձեւաչափը, որի հեղինակները համարվում են Թուրքիան ու Ադրբեջանը, իսկ ըստ որոշ փորձագետների՝ Իրանը, Հայաստանը դիտարկում է տարածաշրջանացման գործընթացի համատեքստում: Նշել էր Վահե Գևորգյանը:

Իսկ նոյեմբերի 19-ին էլ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հայտնել էր, որ Վրաստանը չի մասնակցի «3+3» աշխարհաքաղաքական նախագծին, գլխավոր պատճառը՝ Ռուսաստանն է:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հետ «3+3» բանակցային ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով: