կարևոր
4606 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-09 15:37

Իշխանությունները փորձում են  ձերբակալությունների միջոցով ստանալ ձայնային առավելություն. «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինք

Իշխանությունները փորձում են  ձերբակալությունների միջոցով ստանալ ձայնային առավելություն. «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինք

Վարդենիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, երբ «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» դաշինքները կոալիցիա կազմելու մասին հայտարարություն տարածեցին, «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին Սեւանի քննչական կոմիտեն հրավիրել է հարցաքննության ու ձերբակալել։ Քննչական կոմիտեն Արամ Հարությունյանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան։

«Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը հայտարարություն է տարածել.

«Վարդենիս խոշորացված համայնքում կայացած ավագանու ընտրությունների արդյունքում 12 մանդատ ստացել է «Քաղաքացիական պայմանագիրը», 10՝ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը, 5՝ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը: 

Ելնելով արդյունքներից՝ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը Համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն են ստորագրել: 

Իշխանությունները, սակայն, չհաշտվելուվ պարտության հետ և վարչական, դատական, ուժային մեթոդների կիրառմամբ, վախեցնելով ու զոռբայությամբ փորձում են նվաճել Վարդենիսի ավագանին: Հիշեցնենք՝ իշխանական գործիչներից մեկը՝ պատգամավոր Հայկ Սարգսյանը, հայտարարել է, որ ավագանու անդամները կարող են մտքափոխվել և ձայն տալ ՔՊ-ին:  

Այժմ փորձ է արվում ԿԸՀ-ի միջոցով մեկ մանդատ խլել դաշինքներից՝ թվային հարաբերակցությունը դրանով դարձնելով 14/13: Սակայն 13 մանդատը ևս չի բավարարում ՔՊ-ին՝ համայնքապետ ընտրելու համար: Ելնելով դրանից՝ իշխանությունները փորձում են  ձերբակալությունների միջոցով ստանալ ձայնային առավելություն: Քիչ առաջ այդ նպատակով ապօրինաբար ձերբակալել են «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին: 

Իշխանությունների այս լկտի, ցինիկ վարքագիծը և բանեցվող բռնաճնշումները հուզումների տեղիք են տվել Վարդենիսի բնակչության շրջանում: 

09.12.2021 թ.