44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված բոլոր ադրբեջանցի զինծառայողները վերադարձվել են ռուս խաղաղապահների աջակցությամբ, իսկ հայ ռազմագերիների հայրենադարձմանն ուղղված աշխատանքը շարունակվում է։ Այդ մասին հայտարարել է ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը ՏԱՍՍ-ին հարցազրույցում։
«Ռուս խաղաղապահները վերջնականապես կլուծեն հայ ռազմագերիների վերադարձի հարցը»,- ասել է Մուրադովը և հավելել, որ աշխատանքները շարունակվում են։
«Որպես զինվորական՝ հասկանում եմ, թե ովքեր են ռազմագերիները, ինչ զգացմունքներ են ապրել գերության մեջ գտնվելիս։ Հիշում եմ առաջին չվերթը, երբ Բաքու մեկնեցինք և վերադառնալով` տեսա արդեն Երևանի «Էրեբունի» օդանավակայան ժամանած զինծառայողների դեմքերը։ Արցունքներ էին, նրանք չէին հավատում, որ տուն են վերադարձել», – պատմել է Մուրադովը։
«Կարծում եմ, որ այս հարցը պետք է ամբողջությամբ փակվի»,- ասել է Մուրադովը՝ հավելելով, որ գերիների վերադարձը գնահատում է որպես խաղաղապահի քաղաքացիական պարտքը։
Նա հայտնել է նաև, որ երկու կողմից ավելի քան 100 ռազմագերի է հայրենադարձվել:
Հիշեցնենք, որ 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետով ամրագրվում էր գերիների անհապաղ վերադարձ, սակայն մեկ տարուց ավել հայ ռազմագերիներրը դեռևս գտնվում են Բաքվի բանտերում՝ ենթարկվելով խոշտանգումների, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել են ՀՀ ՄԻՊ-ը, միջազգային կառույցները: Սակայն ՀՀ իշխանությունը դեռևս չի կարողանում պարտադրել Ադրբեջանին կատարել այս պարտավորությունը՝ գերությունից վերադարձնել ՀՀ զինվորներին և քաղաքացիական անձանց, ավելին՝ մեկ տարի անց էլ շարունակվում են հայ զինծառայողներ և քաղաքացիական անձինք գերեվարվել ադրբեջանական զինված ուժերի կողմից: