կարևոր
373 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-09 14:05

Գործ ունենք իշխանապետության հետ. Արծվիկ Մինասյան

Գործ ունենք իշխանապետության հետ. Արծվիկ Մինասյան

Իշխանության ներկայացուցիչները նախագծի հիմնավորումները վերածում են լրիվ ուրիշ գործընթացի, ո՞վ է դեմ ոչ հայհոյախառը արտահայտություններին, ոչ ծայրահեղ վիրավորանքներին, բայց խոսքը ուրիշ բանի մասին է։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Իշխանությունն ինքն իր խոսույթում, իր վարքագծում չի տանում այն քաղաքականությունը, որ բացառի հայհոյախառը արտահայտությունը, փոխարենը օգտագործում է խորհրդարանում իր քանակական առավելությունը, գործադիր իշխանության մեջ ունեցած դերակատարությունը, վարույթ իրականացնող մարմինների նկատմամբ իր ազդեցությունը՝ սկսած Քննչական կոմիտեից ավարտված Դատախազությունով։ Ընդ որում, Հանրային հեռուստատեսության վազող տողով գնում էր հետևյալ արտահայտությունը` «վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց Դատախազությանը»։ Այսինքն՝ որևէ գործադիր իշխանության ղեկավարը կարող է հանձնարարել գլխավոր դատախազին, որը սահմանադրական մարմին է, և որի հիմնական գործառույթն ամբողջ հասարակության համար արդարադատության հիմքեր ստեղծելու գործառույթն է»,– ասաց նա։

Արծվիկ Մինասյանը պնդեց, որ գործ ունենք իշխանապետության հետ։ «Քրեական վարույթ իրականացնող մարմինները սարսափում են գործադիր իշխանության ղեկավարի մասով ոչ ստանդարտ որոշումներ կայացնել»։

Ազգային ժողովն այսօր քննարկում էր «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է ապաքրեականացնել զրպարտությունն ու վիրավորանքը։ Առաջարկվող նախագծով նախատեսվում է չեղարկել 2021թ–ին ԱԺ նախորդ գումարման խորհրդարանի հապճեպ ընդունած փոփոխությունները։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը օրենք էր ընդունել անպարկեշտ հայհոյանքները քրեականացնելու մասին։ Քրեական օրենսգրքում ավելացվել է 137.1 - րդ հոդվածը ՝ «ծանր վիրավորանք»: Ծանր վիրավորանք հասցնելը, այսինքն ՝ անպարկեշտ հայհոյանքը կամ արժանապատվությունն այլ կերպ վիրավորելն, ըստ օրինագծի, կարող է պատժվել 100-ից մինչև 500 հազար դրամի չափով տուգանքով։

Եթե հայհոյանքը հրապարակային է եղել կամ պայմանավորված է եղել կոնկրետ անձի հասարակական գործունեությամբ, ապա տուգանքը կազմում է 500 հազարից մինչև 1 միլիոն դրամ։

Կոնկրետ անձին պարբերաբար վիրավորելու դեպքում որպես պատիժ սահմանվում է 1-3 միլիոն դրամի չափով տուգանք կամ կալանք ՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր. «Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունն է պաշտպանել մամուլի եւ ազատ արտահայտվելու ազատությունները: Ցավոք, Հայաստանի կառավարությունն աջակցում է տուգանքներին, որոնք կսահմանափակեն ազատ արտահայտվելու հնարավորությունը եւ կսպառնան լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությանը»: Հայտարարութամբ էին հանդես եկել և նախագիծը դատապարտել նաև մի շարք հասարակական կազմակերպություններ: