կարևոր
2179 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-09 13:22

Խորհրդարանը քննարկում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած ծանր վիրավորանքի քրեականացման դրույթի չեղարկման նախագիծը

Խորհրդարանը քննարկում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած ծանր վիրավորանքի քրեականացման դրույթի չեղարկման նախագիծը

Ազգային ժողովը քննարկում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: Այն քննարկվել է Պետակաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 7-ի նիստին: 

Խմբակցության ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ նախորդ գումարման խորհրդարանը «վերջին շնչում» ընդունել է ծանր վիրավորանքների քրեականացման մասին օրենքի նախագիծը, որն արդեն գործում է։

«Ակնհայտ է, որ այդ օրենքն ունի լրջագույն հիմքեր, պրոբլեմներ Սահմանադրության և մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության կոնվենցիայի հետ։ Տվյալ օրենքի քրեականացումը որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդել։ Իրականում այս օրենքի ընդունման նպատակն էր սահմանափակել հրապարակային ելույթները, խոսքի ազատությունը, քննադատությունը հատկապես պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդման միջոցով», - ասացՎարդանյանը։

Նրա խոսքով` արդարադատության նախարարն արդեն իսկ հայտարարել է նման 106 քրեական գործ հարուցելու մասին:

«Իրականում սա օրենք է մեկ մարդու դեմ քննադատությունը սահմանափակելու, պատժելու միջոցով քրեական գործեր հարուցելու համար։ Վստահ եղեք, որ վարույթում են գտնվում գործեր, որոնք վերաբերում են միայն այդ մեկ մարդուն (նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին)։ Ընդդիմության հասցեին նման արտահայտությունների դեպքում որևէ իրավական հետևանքներ չկան», - նշեց Վարդանյանը։

Վարդանյանը նշեց, որ այդ օրենքի մասին բացասաբար են արտահայտվել ինչպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, այնպես էլ միջազգային կազմակերպությունները:

«Պարզ չէ, թե այս օրենքում հասարակական գործունեության բնագավառներից ինչու են առանձնացրել միայն լրագրողական և հրապարակախոսական գործունեությունները։ Ակնհայտ է, որ նույն արարքի համար չի կարելի միաժամանակ քրեական և քաղաքացիական գործեր հարուցել։ Այս օրենքը արդեն արձագանք է գտել միջազգային հանրության շրջանակում, ՄԻՊ-ն այս օրենքի սահմանադրականությունը վիճարկել է ՍԴ-ում, իսկ «Freedom house»-ը կոչ է արել անհապաղ դադարեցնել հակասահմանադրական օրենքի կիրառումը։ Ես նկատում եմ, որ հայաստանյան  խոսքի և մամուլի ազատության մի շարք ՀԿ-ներ, որոնք մահաքնի մեջ էին վերջին երեք տարիներին, արթնացել են, և նրանք ևս այս ուղղությամբ աշխատելու են»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը օրենք էր ընդունել անպարկեշտ հայհոյանքները քրեականացնելու մասին։ Քրեական օրենսգրքում ավելացվել է 137.1 - րդ հոդվածը ՝ «ծանր վիրավորանք»: Ծանր վիրավորանք հասցնելը, այսինքն ՝ անպարկեշտ հայհոյանքը կամ արժանապատվությունն այլ կերպ վիրավորելն, ըստ օրինագծի, կարող է պատժվել 100-ից մինչև 500 հազար դրամի չափով տուգանքով։

Եթե հայհոյանքը հրապարակային է եղել կամ պայմանավորված է եղել կոնկրետ անձի հասարակական գործունեությամբ, ապա տուգանքը կազմում է 500 հազարից մինչև 1 միլիոն դրամ։

Կոնկրետ անձին պարբերաբար վիրավորելու դեպքում որպես պատիժ սահմանվում է 1-3 միլիոն դրամի չափով տուգանք կամ կալանք ՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր. «Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունն է պաշտպանել մամուլի եւ ազատ արտահայտվելու ազատությունները: Ցավոք, Հայաստանի կառավարությունն աջակցում է տուգանքներին, որոնք կսահմանափակեն ազատ արտահայտվելու հնարավորությունը եւ կսպառնան լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությանը»: Հայտարարութամբ էին հանդես եկել և նախագիծը դատապարտել նաև մի շարք հասարակական կազմակերպություններ: