2021 թվականի նոյեմբերի 25-ի նիստում Կառավարությունը ընդունել է չզեկուցվող հարցերի փաթեթը: Հարցերից մեկը վերաբերում էր բարձրագույն ուսումնական հաստատություններում միասնական ընդունելության քննությունների ցանկը հաստատելու Կառավարության նախագծին: Ըստ այդ նախագծի՝ Հայոց լեզու եւ գրականություն առարկայի ընդունելության քննությունը կլինի ոչ մրցութային միասնական ընդունելության քննություն, այլ կամընտրական: Սակայն այս տեսակետը չի կիսում գրականագետ Սերժ Սրապիոնյանը: Նրա խոսքով՝ մեզ հայ պահողը եղել է մեր մայր լեզուն եւ պատմությունը: Գրականագետը վստահ է, որ իշխանությունը չի գիտակցում, թե փոփոխությունը ինչ ցավալի արդյունքների կարող է հանգեցնել: Այսպիսի քայլերն են, ըստ Սերժ Սրապիոնյանի, հեռացնում մեր արմատներից եւ տանում դեպի կործանում:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը շատ լավ է հիշում երկու տարի առաջ ՀՅԴ երիտասարդների պայքարը՝ հանուն հայապահպանության: Դեռ 2019 թվականին նրանք դեմ էին հայոց լեզու եւ գրականություն, հայոց պատմություն առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու՝ ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված նախագծին: Անգամ գիշերեցին ԿԳՄՍ նախարարության դիմաց:
2018 թվականից Հայաստանում իշխանությունների կողմից վարվող ոչ լիարժեք քաղաքականության հետեւանքների մասին բազմիցս եղել են արձագանքներ: Քրիստինե Վարդանյանը նշում է, որ Հայաստանում ընթացող ապազգային գործընթացների պատճառով է, որ հայրենիքի ապագան այսօր անորոշ է:
Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում: