կարևոր
1465 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-08 22:26

Մեղադրանքն ուսումնասիրելիս` հաճախակի հնչելու է հայհոյանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեւանի Կենտրոն համայնքի ընդհանուր իրավասության դատարանում առավոտյան մեկնակել է «10-ի գործ» անունը ստացած դատաքննությունը: Այն պետք է մեկնարկեր ավելի վաղ, սակայն դատավարական կողմերի մի մասը ծանուցագիր չէր ստացել եւ չէր ներկայացել նիստին, որի պատճառով նիստը հետաձգվել էր:

Գործը կապված է Սյունիքում ստեղծված անվտանգային իրավիճակի դեմ բողոքող սյունեցիներին մեկ գիշերվա մեջ ձերբակալությունների դեմ բողոքի ցույցի օրվա հետ: Թեւ ցույցը մարդաշատ էր, ամբոխից 10 անձի առաջադրվել է մեղադրանք՝ բողոքի ցույցի ժամանակ Փաշինյանի հասցեին հայհոյանք հնչեցնելու համար:

Այս գործով որպես ամբաստանյալ ընդգրկված ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ Բագրատ Եսայանը նախորդ դատական նիստից առաջ լրագրողներին ասել էր, որ թեեւ ինքը գործում նշված արահայտությունը չի արտաբերել, այնուամենայնիվ չի նշանակում, որ նման բնորոշման հետ ինքը համաձայն չէ, ինչը այս դատական նիստի ընթացքում եւս մեկ անգամ կրկնեց: Բագրատ Եսայանը, մի քանի անգամ կրկնելով մեղադրանքի հիմքում դրված արտահայտությունը, կասկած հայտնեց, որ այն սեռական բնույթի է, եւ առաջարկել է դատարան հրավիրել լեզվաբանների:

Ամբաստանյալ Նարեկ Մանթաշյանը եւս կիսեց Բագրատ Եսայանի կարծիքը՝ հավելելով, որ այս գործի միակ պատճառն այն է, որ մեղադրվողները հաճախ քաղաքական ակտիվություն են ցուցաբերում:

Դատական նիստի սկզբում մեղադրող կողմն անդրադարձել է առաջադրված մեղադրանքներին: Այնուհետև դատախազ Բեգլարյանը սկսել է ներկայացնել զեկույցներ, որոնց մի մասը, ըստ պաշտպան Ռուբեն Մելիքյանի, չեն վերաբերում մեղադրվող 10 անձին: Պաշտպանը նաեւ նկատեց, որ բոլոր զեկույցները ստորակետի ճշգրտությամբ, կարծես, գրված լինեին նույն ձեռագրով:

Դատական նիստը հետաձգվեց մինչեւ 2022թ հունվարի 19-ը:

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում: