կարևոր
1066 դիտում, 8 ամիս առաջ - 2021-12-08 21:57

«Հայաստան» խմբակցությունն առաջարկեց գերիների հարազատներին ԱԺ հրավիրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խորհրդարանական վերջին ծեծկռտուքի հետ կապվող իշխանական պատգամավորը հրաժարվում է մեկնաբանել միջադեպը, միայն հավաստիացնում է, որ ինքը մեղավոր չէ, բայց մեղավոր չի համարում նաեւ մյուս կողմին՝ ընդդիմադիր պատգամավորի օգնական Գերասիմ Վարդանյանին: 

«Հայաստան» խմբակցության մեկնաբանմամբ՝ ընդդիմադիր պատգամավորների օգնականներին իշխանական պատգամավորներն ու նրանց օգնականները` սուրճի սեղանի շուրջ տարաձայնությունները հարթելու պատրվակով, հրավիրել են աշխատասենյակ ու հարվածներ հասցրել:

Միջադեպի հետ կապվող մեկ այլ իշախանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ճեպազրույցի եկավ դիմակով, ասաց վատառողջ է, ու հենց դա էլ եղել է պատճառը, որ նախօրեին որոշել է շուտ տուն գնալ: Հավաստիացնում է՝ ծեծկռտուքին չի մասնակցել: Գաբրիելյանը դատապարտում է միջադեպը, բայց քայլերի դիմելու, օրինակ, պատգամավորների վարքագիծը քննող էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալու որոշում չունի: 

Եթե իշխող ուժը ուզում է խուլիգանապետութուն կառուցել, ապա ճիշտ ճանապարհին է: Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ ծեծկռտուքի նպատակներից մեկը սա կարող էր լինել: 

Ի դեպ՝ գերիների մասին ԱԺ նախագահի խոսքերից վրդովված քաղաքացիներին Արծվիկ Մինասյանն առաջարկեց խորհրդարանական հարցուպատասխանից հետո քննարկման հրավիրել: Նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանն անարձագանք թողեց առաջարկը: 

Գերիների մասին ցանկացած հայտարարություն Աժ փոխնախագահ Ռուբինյանն էլ է վտանգավոր համարում, բայց լրագրողներին է հորդորում զգոն լինել, իսկ Ալեն Սիմոնյանի հարաժարականի հարցն, ասում է` խմբակցությունը չի քննարկել:  

Աժ փոխնախագահն այս անգամ որոշել է լրագրողների բոլոր հարցերին պատասխանել:

«Միջանցքի հարց չկա ու չի եղել օրակարգում».-վստահեցնում է նա ու բացատրում միջանցքի ու ապաշրջափակվող ճանապարհների տարբերությունը: Ճանապարհների դեպքում դրանց նկատմամբ ամբողջ վերահսկողությունը Հայաստանինն է: 

Գերիների հարազատների հետ հանդիպելու համար Ռուբինյանն ասում է՝ իշխանությունը ընդդիմության միջնորդության կարիքը չունի: Սա է նրանց առաջարկն անարձագանք թողնելու պատճառը:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում: