Դեկտեմբերի 10-ին տեղի է ունենալու 3+3 (Ռուսաստան-Թուրքիա-Իրան-Հայաստան-Ադրբեջան-Վրաստան) կամ 3+2 (առանց Վրաստանի) ձևաչափով նախնական նիստը: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանը մասնակցելու է արտգործնախարարի տեղակալի մակարդակով։
«Առիթ ենք ունեցել մի քանի անգամ հայտարարելու, որ 3+3 ձևաչափով կարող ենք հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակում չեն քննարկվելու հարցեր, որոնց քննարկման համար մենք ներգրավված ենք այլ ձևաչափերում։ Այդ հարցը մենք քննարկել ենք մեր գործընկերների, մասնավորապես՝ ռուսաստանցի գործընկերների հետ, և ունենք ազդակ, որ իրենք էլ կիսում են այդ տեսակետը», – նշել է Փաշինյանը։
«Հայաստանը մասնակցելու է արտգործնախարարի տեղակալի մակարդակով, որովհետև արտաքին գործերի նախարարի տեղակալների ֆորմատով է տեղի ունենալու այդ նախահանդիպումը: Պետք է քննարկվեն հետագա անելիքները։ Շարունակությունը՝ ըստ այդ քննարկման արդյունքների», - ասել է Փաշինյանը։
Դեռ նոյեմբերի ՀՀ փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ 3+3 ձեւաչափին միանալու որոշման մասին խոսելը դեռ վաղ է: Տարածաշրջանային համագործակցության մի քանի առաջարկ է ստացել Հայաստանը, որոնցից մեկն էլ 3+3-ն է: Դրանք բոլորը, դիտարկման փուլում են:
Հարավային Կովկասի պետությունների ու դրանց հարեւաններ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությամբ այս ձեւաչափը, որի հեղինակները համարվում են Թուրքիան ու Ադրբեջանը, իսկ ըստ որոշ փորձագետների՝ Իրանը, Հայաստանը դիտարկում է տարածաշրջանացման գործընթացի համատեքստում: Նշել էր Վահե Գևորգյանը:
Իսկ նոյեմբերի 19-ին էլ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հայտնել էր, որ Վրաստանը չի մասնակցի «3+3» աշխարհաքաղաքական նախագծին, գլխավոր պատճառը՝ Ռուսաստանն է:
Հիշեցնենք` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հետ «3+3» բանակցային ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով: