կարևոր
1798 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-08 19:45

Արագացված տեմպերով կեղծ դիպլոմավոր մարզպետը պետք է պաշտոնանկ արված լիներ. պատգամավորը՝ նախարարին

Արագացված տեմպերով կեղծ դիպլոմավոր մարզպետը պետք է պաշտոնանկ արված լիներ. պատգամավորը՝ նախարարին

«Համաձայն հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի՝ վարչական պաշտոններ կարող են զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն: Մարզպետի և նրա տեղակալների պաշտոնը համարվում է վարչական պաշտոն։

Հոկտեմբերի 28-ին Կառավարության որոշմամբ Արագածոտնի մարզպետ է նշանակվել Ռազմիկ Պետրոսյանը։ Մամուլը հետաքննել է և պաշտոնական պատասխաններ է ստացել կառավարության մաս կազմող ԿԳՄՍ նախարարությունից, որ Ռազմիկ Պետրոսյանը դիպլոմ է ստացել Հովնանյանի անվան համալսարանից՝ 2002 թվականին, այն դեպքում, երբ այդ համալսարանը այդ թվականին չի ունեցել անգամ գործունեության լիցենզիա։ Մարզպետն ինքը չի հերքել, մարզպետարանը չի հերքել։ Ավելին, այդ համալսարանի տված դիպլոմը, համաձայն կրթության նախարարության պաշտոնական պատասխանի, անցողիկ չէ, քանի որ գործունեության ժամանակ դա եղել է չհավատարմագրված բուհ։

Կարո՞ղ ենք եզրահանգել, որ կառավարությունը կա՛մ ի սկզբանե իմացել է, որ Ռազմիկ Պետրոսյանը չի համապատասխանում մարզպետի պաշտոնին, բայց այդուհանդերձ նշանակել է, հետևաբար՝ ունենք ապօրինի նշանակված մարզպետ, ով պետական բյուջեին վնասներ է տալիս՝ ստանալով աշխատավարձ, հավելավճար, պարգևավճար, ծառայողական ավտոմեքենա և այլն, կա՛մ չի իմացել, բայց քանի որ նա դեռ շարունակում է պաշտոնավարել, կարո՞ղ ենք մտածել, որ այս մարդը իշխանություններին պետք է, օրինակ, ընտրություններում ՔՊ-ին ձայներ ապահովելու համար։

Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի ապրիլի 5-ին ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե իր անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մերձավոր ազգականի նկատմամբ, ով կեղծ դիպլոմ էր ներկայացրել և նշանակվել էր «Դիլիջան» ազգային պարկի փոխտնօրեն։

«Սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»,-գրել էր նա:

Նոր Հայաստանում ամեն ինչ ձևական ֆեյսբուքյան գրառումների համա՞ր է։ Հպարտ որակված քաղաքացիներից լայքեր կորզելու և նրանց խաբելո՞ւ համար է»։ 

Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Ի պատասխան՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն արդարացավ, թե Կառավարության համապատասխան վարչությունները պարտավոր չեն ստուգել որևէ բուհի լիցենզիան։ Այնպես, որ պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացվել են, ինչի համար նշանակումը կատարվել է։ «Եթե կան խնդիրներ, որոնք վերջերս բարձրաձայնվեցին, կարծում եմ՝ դրանք  իրավապահ տիրույթում են։ Կքննարկեն և կտեսնեն այդպիսի խնդիր կա՞, թե՞ ոչ»։

Ի պատասխան՝ պատգամավորը կրկին շեշտեց.

«Հրապարակված փաստերը առկա են, Դուք արդեն պետք է քննություն սկսած լինեիք, և արագացված տեմպերով Ռազմիկ Պետրոսյանը պետք է պաշտոնանկ արված լիներ։ Ես կարող եմ եզրակացնել, որ Կառավարությունը ի սկզբանե իմացել է, որ Ռազմիկ Պետրոսյանը չի համապատասխանում մարզպետի պաշտոնին, բայց, այնուամենայնիվ, նշանակվել է։ Այսինքն ունենք ապօրինի նշանակված մարզպետ, որը պետական բյուջեին վնասներ է տալիս` ստանալով աշխատավարձ, հավելավճար, պարգևավճար, ծառայողական մեքենա և այլն։ Բայց քանի որ նա դեռ շարունակում է պաշտոնավարել, կարող ենք մտածել, որ այս մարդը իշխանություններին պետք է ընտրություններում ՔՊ-ին ձայներ ապահովելու համար»։