կարևոր
472 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-08 14:37

Շարունակվում է 10-ի գործը. Փաշինյանին հայհոյե՞լ են, թե՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շարունակվում է 10-ի գործը. Փաշինյանին հայհոյե՞լ են, թե՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեւանի Կենտրոն համայնքի ընդհանուր իրավասության դատարանում առավոտյան մեկնարկել է 10-ի գործ անունը ստացած դատաքննությունը: 

Դատարանում են հայտնվել ապրիլի 22-ին Դատախազության դիմաց խաղաղ հավաք իրականացնողները: Նրանք, ի շարս հազարավոր այլ քաղաքացիների, ՀՀ գլխավոր դատախազության դեմ բողոքի ակցիա էին իրականացնում Սյունիքում իրավական ամենաթողության ու տասնյակ սյունեցիների բերման ենթարկելու դեմ։

Դատարանը փորձում է պարզել քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանին, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը և Նարեկ Մանթաշյանն են եղե՞լ ՀՀ գլխավոր դատախազության առջև վանկարկողները, և արդյոք նրանց տրված բնորոշումները համարվո՞ւմ են խուլիգանություն:

«Մենք գործ ունենք կարծիք արտահայտելու հետ: Այստեղ հստակ բողոք, կարծիք արտահայտել է, որը որևէ կերպ խուլիգանություն համարվել չի կարող: Սա ակնհայտ քաղաքական դատավարություն է։ Մենք գործ ունենք  կարծիք արտահայտելու համար մարդկանց պատասխանատվության ենթարկելու փորձի հետ»,- նշել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: 

«Եթե մենք խաղաղ ակցիայի, խաղաղ բողոքի հետ կապված խուլիգանության հանցակազմ ենք տեսնում, նշանակում է, որ ցանկացած մարդ, ով կոշտ է արտահայտվում խուլիգանություն է անում»,-ասաց փաստաբանը։ 

Դատական նիստի սկզբում մեղադրող կողմն ներկայացրեց առաջադրված մեղադրանքները: Այնուհետև մեղադրող կողմի ներկայացուցիչ՝ դատախազ Բեգլարյանը սկսեց ներկայացնել զեկույցներ, որոնց մի մասը, ըստ պաշտպան Ռուբեն Մելիքյանի չեն վերաբերում մեղադրվող 10 անձին: Պաշտպանը նաեւ նկատեց, որ բոլոր զեկույցները ստորակետի ճշգրտությամբ կարծես գրված էին նույն ձեռագրով:

Դատական նիստը հետաձգվեց մինչեւ 2022թ հունվարի 19-ը: